Մի քանի օր առաջ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովում որոշվեց ստեղծել Զարգացման բանկ և Պահուստային հիմնադրամ, որով թե բնակչության, թե աշխարհագրության տեսանկյունից այս հսկա կառույցը վերածվում է տնտեսական համագործակցության տարածության: Այդ երկրները լավ են հասկանում, որ համաշխարհային այնպիսի մոնստր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Վաշինգտոնից: Օրինակ, ԱՄՆ-ը ԱՄՀ-ում ունի 17,06 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ այն միայնակ կարող է վետո դնել որոշումների վրա, որևէ այլ պետություն չկա նման իրավական լիազորությամբ օժտված, երկրորդ տեղում Ճապոնիան է, որն ունի ընդամենը մոտ 7 տոկոս քվե: Այս ֆինանսատնտեսական կառույցները գտնվում են ԱՄՆ ուժեղ հսկողության և ուղղորդման ներքո, հետևաբար, BRICS-ի երկրները փորձում են մշակել սեփական ֆինասական վերազգային կառուցվածքը, պահպանել ու սահմանել սեփական տնտեսությունների զարգացման ուղիները: Նման համակարգը առավելապես ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ներկայումս հենց նա է հայտնվել Արևմտյան ճնշումների տակ, ու այդ համակարգի միջոցով կփորձի դիմակայել սանկցիաներին: Ֆորս-մաժորային իրավիճակներում Զարգացման բանկը, որը հավաքագրելու է 100 միլիարդ դոլարանոց բյուջե, կկարողանա օգնություն տրամադրել և փրկել ռուսական տնտեսությանը փլուզումից: Այսպիսով, ստեղծվում է համաշխարհային ֆինանսատնտեսական երկբևեռայնություն, իսկ բևեռըի գոյությունը, սակայն, որքան կախված է ֆինասական մեծությունից, այնքան էլ՝ քաղաքական ու աշխարհագրական համաձույլից: Թեև BRICS-ի երկրներն ունեն գրեթե 2,8 միլիարդ բնակչություն, մոտ 40 միլիոն քառակուսի կմ տարածք և աշխարհի ՀՆԱ-ի 18 տոկոսը, սակայն տվյալ տարածությունը համասեռ ու կուռ տնտեսական կառույց դարձնելու համար դեռ շատ ժամանակ ու ջանք կպահանջվի: Խնդիրն այն է, թե արդյո՞ք հնարավոր է այդ տարածքը դարձնել, այսպես ասած, միևնույն տնտեսական տարածություն: Դրա համար պետք է դիտարկել մի քանի կոնցեպտուալ ասպեկտ. Նախ, այդ երկրներն իրարից շատ հեռու են՝ տարբեր մայրցամաքներում, կոմունիկացիոն բարդություն, համագործակցության դժվարություն, երկրորդ՝ հարկավոր է լիդերի առկայությունը, որպեսզի շահերի բախման, ճգնաժամային իրավիճակների ժամանակ կարողանա դրանք մտցնել լուծման և զարգացման հուն, երրորդ՝ չկա քաղաքական բովանդակություն, ծրագիր, գաղափար, չորրորդ՝ այդ երկրներն Արևմտյան պետությունների հետ ավելի սերտ առևտրատնտեսական հարաբերություների մեջ են, քան՝ միմյանց, հետևաբար՝ նրանք իրական այլընտրանքի համար կամ պետք է թեքեն պարիտետը, կամ էլ խզեն Արևմուտքի հետ տնտեսական կապերը. երկուսն էլ գրեթե անիրականանալի են: Ինչևէ, սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, հատկապես ՀԲ-ի, ԱՄՀ-ի, ԱՀԿ-ի տեսանկյունից, իսկ շատ արագ ու դինամիկ զարգացող Չինաստանը կարող է իր տնտեսությունն էլ ավելի զարգացնել՝ շնորհիվ այս նոր ստեղծած ֆինանսական կառույցների: BRICS-ի երկրների ֆինանսական, էներգետիկ հարստությունը հեշտությամբ կարող է գրավել աշխարհի շատ երկրների, որոնք ունեն դրանց կարիքը, առավելևս, որ համակարգային ձևակերպումն արդեն հաղորդում է գրավչություն և վստահություն, պետությունները հակվում են համակարգերին, որովհետև համակարգը նաև հստակ պարտավորություն, խաղի կանոնների սահմանում ու նույնիսկ անվտանգություն է: Իսկ տնտեսապես նվաճված երկրները հետագայում դառնում են դիվանագիտական «ռեսուրսներ»: Սակայն, նորաստեղծ կառույցները դեռևս պետք է ապացուցեն իրենց ժամանակային դիմացկունությունն ու գործունեության արդյունավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել