Tert.am-ը գրում է.

Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հանգստի նպատակով հատկացված սոցիալական փաթեթի ապահովման ծառայությունից օգտվելու համար որոշ դպրոցներում տնօրենները ստիպում են ուսուցիչներին համագործակցել կոնկրետ զբոսաշրջային օպերատորի հետ: Այս մասին Tert.am-ը ահազանգեր է ստացել մի քանի ուսուցիչներից, որոնք հրաժարվեցին հրապարակել իրենց անունները՝ մտավախություն ունենալով, որ իրենց իսկ դպրոցներում լուրջ խնդիրներ կարող են ունենալ։

Եղել են նաև դեպքեր, երբ տվյալ ընկերությունն այլևս հնարավորություն չի ունեցել արձակուրդային ժամկետում ծառայություն մատուցել, մինչդեռ ուսուցչի և բանկի միջև համապատասխան պայմանագրի կնքումից հետո գումարն արդեն փոխանցվել է այդ ընկերության հաշվին:

Խնդրի մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Գևորգ Եղինյանը տեղեկացրեց, որ նախարարությունը որևէ կապ չունի այդ ծրագրի հետ, և ֆինանսական բոլոր հարցերը լուծվում են բանկերի միջոցով: «Մենք որևէ կերպ չենք խառնվում այդ հարցերին»,- ասաց նա:

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը ՀՀ-ում և ԼՂՀ-ում համակարգվում է էկոնոմիկայի նախարարության միջոցով: Ինչպես Tert.am-ին փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, գոյություն ունի ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների ցանկ, և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են զբոսաշրջային փաթեթներ իրացնելու և առանձին հյուրանոցային ծառայություններից օգտվելու միջոցով նախարարությունում հաշվառված տուրօպերատորների միջոցով:

Հանգստի ապահովման և տուրօպերատորների հաշվառման կարգը սահմանված է էկոնոմիկայի նախարարի հրամանով, որտեղ ներկայացված են չափանիշները, թե ինչպիսին պետք է լինի ընկերությունը, համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացվեն, հյուրանոցային ծառայության գինը չպետք է լինի ավելին, քան հյուրանոցի հայտարարած մանրածախ գինն է, բացառությամբ այն դեպքերի, երբ զբոսաշրջային ծառայությունը ավելացված արժեքի հարկ վճարող է, իսկ հյուրանոցային ծառայություն մատուցող անձը՝ ոչ: Այդ դեպքում թույլատրվում է հյուրանոցի հայտարարած մանրածախ գնին գումարել ԱԱՀ-ի գումարը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել