ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մալազիական ինքնաթիռի կործանման համար մեղադրեց Ռուսաստանին, որով, ըստ էության, փորձում է արդարացնել վերջինիս նկատմամբ օրերս սահմանած սանկցիաները: ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ միջազգային հանրության մոտ ապացուցի իր ընդունած որոշումների ոչ միայն արդարացիությունը, այլև՝ հրատապությունն ու անհրաժեշտությունը: Ամերիկացիները Ռուսաստանին չեզոքացնելու համար կիրառում են հետևյալ ռազմավարական ուրույն մի շղթա. Գեոստրատեգիական-ինֆորմացիոն օղակ. Բացի Մեխենի ու Մակինդերի գեոստրատեգիկան կոնցեպցիաները, համապատասխանաբար՝ շրջափակել բոլոր հնարավոր կողմերից «անակոնդայի օրենքով», «օղակը սեղմել» և շարունակական «տիրել-ազդել» մարտավարության իրականացում, նրա անվան շուրջ պետք է ստեղծել բացասական ինֆորմացիոն միջավայր, հեղինակազրկել և դարձնել ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի համար վտանգավոր պետություն: Վաշինգտոնը լավ է հասկանում, որ իր ծրագրերին միջազգային աջակցություն ապահովելու համար միջազգային օրակարգային թեմաների պատրաստմանն ու տարածմանն ապավինելն է: Քաղաքակրթական հեռացում. Ռուսաստանը չպետք է կարողանա սլավոնական ազգերին ներշնչել պանսլավոնական գաղափարներ, դրա համար ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ձգտում են քաղաքակրթական կամ մշակութային հակասություն խորացնել Ռուսաստանի ու մնացյալ սլավոնական ազգերի միջև, իսկ Ուկրաինան նաև այդ առումով լավագույն հնարավորությունն է: Վերջինիս լիովին կտրելը Ռուսաստանի համար կնշանակի բավական հեռնալ Եվրոպայից և կրճատել ազդեցության հնարավորությունները այդ աշխարհաքաղաքական տարածությունում: Այս մարտավարության իրականացումն ուղեկցվում է ոչ գործունակ ծրագրերի ներշնչման կամ չխոչընդոտման քաղաքականությամբ: Ռուսաստանը, լինելով նախկին կայսրություն և ԽՍՀՄ օրոք՝ իրական գլոբալ լիդեր, չի կարող չփնտրել սեփական բևեռի կառուցումը, և Եվրասիական տարատեսակ միություններով նա որոշակիորեն բավարարում է սեփական ամբիցիաներն ու ձեռնպահ մնում հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներին ճնշելու քաղաքականությունից, այլապես կթեքվի իրեն պատմականորեն և աշխարհագրորեն ավելի հարազատ Եվրոպա: Այս ստրատեգիական կոնցեպցիաներն ԱՄՆ-ի համար ներկայումս կիրառվում են ուկրաինական ճգնաժամը սեփական նախանշած հունով կարգավորելու համար, որից պետք է հնարավորոինս շեղել Մոսկվային: Ներկա պահին օգտագործվում է բացասական ինֆորմացիոն դաշտի ապահովման մարտավարությունը՝ կապված մալազիական ինքնաթիռի ոչնչացման հետ: Այդ պատճառով, այդ ինքնաթիռի կործանման համար մեղադրվեց Ռուսաստանը: Մյուս կողմից էլ, օգտագործվում է շեղման, խոչընդոտման մարտավարությունը. քանի որ այդ երկրում արդեն խոսում էին ավելի կոնկրետ ռազմական քայլերի իրականացման մասին՝ մինչև անգամ՝ «ոչ թռիչքային զոնա» մտցնելու և ուկրաինական զինտեխնիկայի ոչնչացման մասին, ուստի Վաշինգտոնն ու Կիևը մեղադրեցին Մոսկվային՝ շեղելու համար նրա ուշադրությունը: Սա ծանր մեղադրանք է, այն էլ այդ հարցում լավ պատրաստված ԱՄՆ-ի կողմից: Մոսկվան, հավանաբար, ստիպված հանդես է գալու հերքումներով, նրա համար դժվար կլինի այս մեղադրանքի տակ ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, այսինքն՝ բացվեց ևս մեկ դիվանագիտական ճակատ նրա համար՝ բարդացնելով սեփական քայլերի ճիշտ հաշվարկումը: Այժմ Մոսկվայի գործողությունների նկատմամբ Վաշինգտոնը կխրախուսի միջազգային հանրության կոշտ գնահատական, որը կիրականացվի հետաքրքիր մի հիպոթեզային տարբերակով. ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանի պատասխանատվության առաջ քաշում, որը կբերի զինյալներին զինելու համար պատասխանատվություն, արդյունքում ուկրաինական կոնֆլիկտի համար մեղավորություն, ինչն էլ Ռուսաստանի ցածր դիվանագիտական, տնտեսական և ինֆորմացիոն պատրաստվածության արդյունքում կհանգեցնի նրա մրցակցության թուլացման ու մարգինալացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել