Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը շարունակում է խորանալ: Ուկրաինան վերածվել է ճգնաժամային օջախի, որտեղ հատվում են այս երկու բևեռների կենսական շահերը: Դա հասունացրել է կոնֆլիկտային հարաբերություն, որի հանգուցալուծումը ենթադրելու է բևեռներից մեկի պարտությունը, որովհետև այն աստիճանաբար վերածվում է արժեքային պայքարի, ինչը կոնֆլիկտին հաղորդում է «խաղ զրոյական գումարվ» բնույթ: Այդ նպատակով Արևմուտքը ձեռնամուխ է եղել տնտեսական պատժամիջոցների կիրառման աստիճանական ընդլայնման մարտավարության կիրառմանը: Սա շատ նման է բանակցություններում հայտնի «պահանջների աստիճանական ընդլայնման» մարտավարությանը, որի նպատակն է ճնշել հակառակորդին ու պարտադրել զիջումներ կամ էլ այն տանել փակուղի: Հիմա ընտրությունը Մոսկվայինն է. կընդունի՝ լավ, չի ընդունի, ուրեմն կշարունակվի դիտվել ապակառուցողական, որը «կլեգիտիմացնի» հավելյալ ճնշումների կիրառումը: Մյուս կողմից էլ, սանկցիաների աստիճանական ընդլայնումն հակառակորդի մոտ ընտրություն ունենալու իլյուզիա է ստեղծում: Այն մոտավորապես այսպես է. եթե չես կատարում պահանջները, ապա ճնշումները կընդլայնվեն, կխստանան ու կխորանան և այդպես շարունակ: Իսկ ամբողջ թափով առաջ քաշված պահանջները և ուժեղացնում են ռեակցիան, և զիջումների հնարավորությունն են բացառում: Եվ այսպես, ԵՄ սանկցիաներին միացել է նաև ԱՄՆ-ը, որը երեկ փակեց ռուսական որոշ էներգետիկ ընկերությունների և բանկերի մուտքը ամերիկյան ֆինանսական շուկաներ: ԱՄՆ-ի սև ցուցակում են հայտնվել Ռուսաստանի ամենամեծ նավթային ըներությունը` «Ռոսնեֆտ»-ը, երկրորդ ամենամեծ գազային ընկերությունը` «Նովատեկ»-ը, ինչպես նաև՝ «Գազպրոմբանկ»-ն ու «Վնեշէկոնոմբանկ»-ը: «Բազալտ», «Կռետ», «Սոզվեզդիե», «Մաշինոստրոյենիե», «Ալմազ-Անտեյ», ԿԲՊ, ՅՈւՎԶ և «Կալաշնիկով» ընկերությունների հետ նույնպես ԱՄՆ-ը սառեցրել է իր հարաբերությունները: Սև ցուցակում են հայտնվել նաև մի շարք պաշտոնյաներ: Այսպիսով, ԱՄՆ-ը դիմում է տնտեսական ճնշումների՝ լավ հասկանալով, որ վատ ինստիտուցիոնալիզացված, դեֆեկտիվ կառուցվածքով ու կոռումպացված ռուսական տնտեսությունը ժամանակի ընթացքում սկսելու է ճաքեր տալ, արդյունքում՝ օլիգարխները կամ կխթանեն ներկայումս թափ հավաքած կապիտալի տեղաշարժը, կամ էլ կոնֆլիկտի մեջ կմտնեն իշխող ռեժիմի հետ, կփորձեն նրանց վրա ճնշումներ գործադրել՝ դրությունը շտկելու համար: Մի առիթվ Բժեզինսկին ասել էր, որ ռուս օլիգարխները Եվրոպական բանկերում ունեն հարյուրավոր միլիարդների դոլարի հաշիվներ, և նրանք շատ զգայուն են Եվրոպայի հետ կոնստրուկտիվ տնտեսական հարաբերությունների անկման նկատմամբ: Նրա միտքը հենց Ռուսաստանին ճնշելն էր օլիգարխիայի միջոցով: Ինչևէ, այս իրավիճակը հետաքրքիր հեռակա բանավեճի մեջ է ներքաշել Օբամային ու Պուտինին: Վերջինս, մասնավորաբար, հայտարարել է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պրոֆեսիոնալ չէ, և նրանք ինչին դիպչում են դառնում է խնդիր՝ օրինակ բերելով Սիրիան, Իրաքը, Ուկրաինան: Իր հերթին, Օբաման քննադատել է Պուտինի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ նա շարունակում է Ուկրաինայի դրությունն ապակայունացնել և չի համաձայնում հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Այստեղ հետաքրքիր է, որ խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին, իսկ Օբաման՝ Պուտինին, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանում այն կախված է մեկ անձից, իսկ ԱՄՆ-ում՝ համակարգից: Որ այդպես է, դա գրեթե անհերքելի է, սակայն, Օբաման կամ Վաշինգտոնը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն անձնավորելով, ցանկանում են ցույց տալ, որ իրենց պայքարը Մոսկվայի հետ չէ, իսկ այդ երկրի խնդիրները գալիս են հենց Վլադիմիր Պուտինից՝ այդպիսով փորձելով նրա նկատմամբ գեներացնել ներքին դժգոհություններ և մղել արտաքին իզգոյացման: Այսպիսով, ներկա գործընթացային մակարդակում այլևս բարդացել է կոնֆլիկտի լուծման հնարավորությունը, որովհետև այն մտել է պերմանենտության փուլ՝ ի դեմս ներքին հեղաշրջումային միտումների ու տրամադրությունների և գլոբալ խաղացողների մրցակցության խորացման, ամբիցիաների պայքարի և այլն: Խախտվել է արժեքների, շահերի և դիրքորոշումների հարաբերակցությունը: Կոնֆլիկտի լուծման փուլերի բացահայտումը, ինչպիսիք են՝ նախապատմությունը, կողմերի շահերը, շահագրգիռ կողմերի ներգրավվածության աստիճանն ու շահերը, ներկայումս դժվար բացահայտելի են ու ժամանակավրեպ: Հիմա կարևոր է հետագա էսկալացիան կանխելն ու կոնսենսուսային դաշտ ձևավորելը, այլապես շատ ուշ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել