Հայաստանի հասարակության քաղաքական համակարգի գործառնական վիճակը տրանսֆորմացիաների է ենթարկվում, որը հիմնականում չի բխում, համակարգային տերմինալոգիայով ասած, «շրջակա միջավայրի» (հասարակության) պահանջմունքային իրողություններից, և առաջանում է որոշակի կոնֆլիկտայնություն, որը ներքաշում է նաև քաղաքական ուժերին: Ներկայումս խախտվել է հասարակության կողմնորոշիչային բաղկացուցիչը, որը պետք է սոցիալական ինչ-որ շերտերի մոտ պետության կուրսի նկատմամբ առաջացներ վստահություն, կբարձրացներ իշխանության լեգիտիմությունը, դրա արդյունքում ընդդիմությունը կդառնար չափավորների խումբ և այդպիսով տեղի կունենար ներհամակարգային կոնսենսուս ինչպես անհատ-պետություն, այնպես էլ՝ կազմակերպություն-պետություն փոխհարաբերություններում: Տիգրան Սարգսյանի օրոք կառավարությունն սկսեց գործել իբրև լիբերալիզատորների խումբ, ովքեր որոշեցին ավելի «բացվել» և դառնալ ռեֆորմատորներ ու ուղիներ փնտրել ընդդիմության հետ համագործակցելու համար: Սակայն նրանց նախաձեռնած ռեֆորմները խորացրեցին սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու քաղաքական ճգնաժամի համար հող նախապատրաստեցին, որի արդյունքում վարչապետը հրաժարական տվեց: Հովիկ Աբրահամյանը նույնպես հենց սկզբում հանդես եկավ իբրև ռեֆորմատոր՝ հանդես գալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմության հետ համաձայնությունների քաղաքականությամբ: Սակայն, ընդդիմությունը միատարր չէր և հիմնականում ձախ ուժերը («Ժառանգություն», ՀԱԿ), չդրսևորվեցին չափավոր դաշտում և չվստահեցին նրա ղեկավարած կառավարությանը, և աջ-կոնսերվատիվ ՀՀԿ-ն որոշեց չգնալ համաձայնության ընդդիմության հետ՝ դիցուք, չընդունելով ընդդիմության կողմից առաջ քաշած 12 կետերը: Մյուս պատճառը կարող է լինել նախորդի փորձը, ով իր ձեռնարկած ոչ իրատեսական ռեֆորմների արդյունքում տնտեսական լուրջ ձախողումներ թույլ տվեց: Դրա համար էլ, ներկա կառավարությունը տնտեսական զարգացման ռազմավարության համար նախանշեց ավելի ցածր տոկոսային նիշեր: Քաղաքագետ Պշևորսկին նշում է, որ «ռեֆորմատորները սկսում են գտնել չափավորներին և նրանց հետ գնալ համաձայնության կամ ընտրում են «դիկտատուրայի խստացման» ճանապարհը»: Նոր կառավարությունն ընտրեց երկրորդ ճանապարհը: Դրա պատճառն ըստ երևույթին այն է, որ ռեֆորմատորները հետ են վերադառնում դեպի լիբերալիզատորների կարգավիճակի և չեն համաձայնում դեմոկրատիզացման, քանի որ վախենում են քաղաքացիական հասարակության անվերահսկելի շարժերից, որոնք կարող են բերել դիկտատորական սեգմենտների վերացման, իշխանության թուլացման ու վերջնական դեմոկրատիզացման: Իշխանությունն այստեղ հասկանում է, որ հասարակության քաղաքական համակարգի իր ստեղծած կենտրոնական ինստիտուտը, որը պետությունն է (ամերիկացի քաղաքագետ Իսթոնն այն անվանում է «սև արկղ»), սկսում է գործառնական դեֆեկտներ տալ սոցիալ-տնտեսական խնդիրներին բախվելիս, որը խորացնում է համակարգի «ճեղքերը», ուստի որոշում է այդ «ճեղքերը» լցնել ստատուս քվոյի պահպանմանն ուղղված «ռեսուրսներով», ասենք՝ ռեպրեսիաներով կամ ռեպրեսիաների հանգող հայտարարություններով: Այդ իսկ պատճառով էլ վերջերս տեսանք ոստիկանական ռեպրեսիվ գործողությունները՝ ուղղված ցուցարարների դեմ և Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ խոսքի ազատության արտահայտման հետ կապված, երբ ցուցարարներն ինչ-որ առարկաներ էին նետել պաշտոնյաների ուղղությամբ: Սա քաղաքացիական հասարակության լիբերալիզացմանն ուղղված գործողությունների հակակշռման կամ զսպման մեթոդ էր: Իշխանությունը երբեմն ձգտում է ռեպրեսիաներով կոմպենսացնել տնտեսական խնդիրներն ու ցույց տալ հասարակության նկատմամբ սեփական ուժի գերակայությունը:Չնայած այս ամենին՝ կոնֆլիկտի մակարդակն այնպիսին է, որ համակարգին ահնարեշտ որոշ դեմոկրատական ինստիտուտներ ներդրվելու դեպքում կարող են աշխատել, որովհետև դրա համար կա բավարար ներքին նախադրյալ, սակայն քաղաքական ուժերը, կոնկրետ դեպքում՝ իշխանությունը, որոշում է ներդնել ոչ աշխատող ինստիտուտներ, որոնք կարող են լուծել ժամանակավոր, պրոֆիլակտիկ խնդիրներ՝ խուսափելու համար կոնֆլիկտի էսկալացման վտանգից, մյուս կողմից էլ՝ ցույց տալով սեփական ուժը: Այդպիսի ինստիտուտներից են, համապատասխանաբար՝ կուտակային կենսաթոշակի ձևակերպման ու կիրառման փոփոխումը և հայտարարությունը, թե ընդդիմության ներկայացրած 12 կետերից որոշներն իրենց ծրագրային դրույթներ են, որպեսզի բացառվի համագործակցությունը և այլն: Այսպիսով, սակայն, տեղի է ունենում հասարակության հեռացում պետությունից, որը սկսում է ավելի անկախանալ ու ուժեղացնել ինքնակարգավորման մեխանիզմները և իր հետևից տանել քաղաքական որոշակի գործընթացներ: Սա կարող է խորացնել կոնֆլիկտները, եթե իշխանությունը որոշի չդառնալ իրական ռեֆորմիստական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել