Դիվերսիան բարդ մարտական առաջադրանք է. զենքով ներթափանցել հակառակորդի թիկունք, կատարել որոշակի գործողություն ու վերադառնալ: Նշյալ քայլերից յուրաքանչյուրը շատ դժվար ու ռիսկային է: Սակայն ադրբեջանական տարածքի վերջին դիվերսանտները ոչ միայն կարողացել էին թափանցել, կատարել որոշակի գործողություն, այլև չափազանց շատ խորացել, հասցրել մարդ սպանել ու խնջույք կազմակերպել: Հետևաբար՝ ազգային անվտանգության հարցերը լուրջ վերանայման անհրաժեշտություն ունեն: Այստեղ կա խնդիր, որն առանձնակի ուշադրության է արժանի: Սակայն, անդրադառնանք հայկական կողմի պատասխանի մարտավարությանը՝ որպես ազգային անվտանգության կոնցեպտուալ բաղադրիչ: Վերջին շրջանում հաճախանում կամ ավելի վուլգար դրսևորումներ են ստանում ադրբեջանական դիվերսիաները, որոնք ուղեկցվում են անթաքույց ինֆորմացիոն ու դիվանագիտական ագրեսիայով՝ գումարած ուժի կիրառման հնարավորությունների ոչ երկիմաստ հայտարարությունները: Ուստի պետք է մշակել «հարկադրական զսպման» ռազմավարություն՝ կիրառելով առկա դեպքը իբրև այդ ռազմավարության կյանքի կոչման ու նաև դրա, կարելի է ասել, միջազգային արդարացման միջոց: «Հարկադրական զսպման» ռազմավարությունը պետք է լինի այս դիվերսանտների նկատմամբ շատ խիստ վերաբերմունքը՝ քրեական պատասխանատվության ենթարկելով նրանց: Պետք է կիրառել «փափուկ ուժի» մարտավարությունը. միջազգային բոլոր կառույցների, ղարաբաղյան կոնֆլիկտում ինչ-որ չափով ներգրավված, որոշակի հետաքրքրություններ ունեցող երկրների ուշադրությունը գրավելու, դիվանագիտական ասպարեզում սրանց մասին բարձրաձայնելու բոլոր միջոցների ու պահերի օգտագործում, և այս ողջ ընթացքն ապահովել ինֆորմացիոն ուղղորդմամբ: Կիրառել «կոշտ զսպումների ուժը» Ադրբեջանի նկատմամբ. բացահայտել ու միջազգային հրապարակայնությամբ պատժել բոլոր դիվերսանտներին, սահմանային միջադեպերն արժանացնել հստակ գնահատականների, յուրաքանչյուր սպանված հայի «դարձնել» եվրոպական «լռության զոհը», ոչ օբյեկտիվ գնահատականի պատճառը, այնպես որ, հայ սպանելը ադրբեջանի համար դառնա «թանկ ռեսուրս»՝ այս ամենն ուղեկցելով հակառակորդի սահամններում խուճապ առաջացնող գործողություններով: Ադրբեջանը պետք է հասկանա, որ նման գործողությունները ոչ միայն ներքին, այլև արտաքին առումներով հարվածում են իրենց դիրքերին: Վերը թվարկված բոլոր միջոցառումներին ակտիվորեն ներգրավել ԼՂՀ-ին, ապահովել նաև նրա պաշտոնական ներկայությունը, եթե այդպիսի անհարժեշտություն կա, հնարավորինս ընդգծել ԼՂՀ սուբյեկտայնությունը, ներքաշել միջազգային հարթակներ թեկուզ խոսքի բարձրացման առումով, բևեռել ուշադրություն, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ից պահանջել հստակ գնահատական Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ: Հատկապես պետք է խիստ իրավական գնահատականների արժանացնել Հայաստանի հետ սահմաններում իրականացվող գործողությունները, որով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ կոնֆլիկտը ՀՀ ու ԱՀ միջև է: Արդյո՞ք կկարողանան մերոնք իրենց համարժեք պահել, թե կրկին կլինեն «գերդիվանագետներ», ու որպես ռազմագերիներ կհանձնեն կամ կփոխանակեն, կամ կլռեն՝ իբրև դիվանագիտական հրաշալի քայլ: Կկարողանա՞ն, արդյոք, հիմա ճիշտ հասկանալ, գոնե, ընկալել մեր ազգային անվտանգության յուրահատկությունն ու արժեքայնությունը՝ կախված կլինի ներքաղաքական մակարդակից դուրս գալու նրանց կարողությունից ու պատրաստակամությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել