Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական պրոյեկտին միանալու Հայաստանի ցանկությանը (թեկուզ ճնշման արդյունքում, բայց սա քննարկման այլ թեմա է) պատասխանում է նրան արտաքին քաղաքական առկախման մեջ պահելու քաղաքականությամբ, իսկ իրենից բևեռային առումով հեռացած Վրաստանին առաջարկում է վերահաստատել տնտեսական հարաբերություններ: Մոսկվան սկսեց թուլացնել իր դիրքորոշումը Վրաստանի հետ հարաբերություններում, քանզի համոզվում է, որ չի կարողանում առաջարկել արևմտյան նույնանման պրոյեկտների հետ բոլոր՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, կառավարման, արժեհամակարգային, առումներով մրցունակ այլընտրանք, հատկապես, որ իր նախաձեռնած բոլոր կառույցները եվրոպականի կրկնությունն են էական բացասական տարբերություններով: Սրանք Կրեմլի մոտ առաջացրել են աշխարհաքաղաքական երևույթների վերլուծության, գնահատման ու արձագանքման իրական խառնաշփոթ, որն արդյունք է եվրասիական կառույցների համակարգային-ֆունկցիոնալ անկատարության, ռուսական վատ գլոբալ լիդերության: Տպավորություն է ստեղծվել, որ Կրեմլը չգիտի, թե ինչ է անելու եվրասիական տարատեսակ կառույցների հետ, որոնք ոչ անդամներ ունեն, ոչ էլ անդամներ ընդգրկելու հեռանկար, եթե, իհարկե, մի բան էլ չպակասեն եղածները: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի տիրապետում Մակինդերի ձևակերպած «Հարթլենդի» (ըստ նրա՝ «Հարթլենդը» համարվում է Եվրասիա մայրցամաքի կենտրոնը, որը հիմնականում համապատասխանում է ՌԴ տարածքին, և Եվրասիական տարածության ամենակարևոր հատվածն է) համար անհրաժեշտ ռեսուրսների, ավելին՝ ռուս ղեկավարության մոտ «Հարթլենդի» գաղափարն ու եվրասիական տարածությունում «ստրատեգիական գործող դեմքի» կարգավիճակի պատկերացումն առաջացրել են որոշակի խառնաշփոթ, ովքեր չեն կարողանում ճկուն արձագանքել իրողություններին և սեփական ծրագրերի կենսունակության ապահովման համար հասնել ինտեգրացիոն-ինստիտուցիոնալ լուծումների: Կարճ ասած՝ Ռուսաստանը միջազգային համակարգում շարունակում է մնալ սովետական չինովնիկ, ով ոսկրացած է այնքան, որ չունի ադեկվատ մտածողություն, բայց նաև՝ դիկտատոր, որ չի հանդուրժում այլակարծություն: Մյուս կողմից էլ, Մոսկվան սկսում է հասկանալ, որ միջազգային մեկուսացումը շարունակվում է և խորանում, ուստի եվրասոցացման մասնակիցների հետ հարաբերություններով ուզում է խուսափել դրանից և, ըստ երևույթին, օգտագործում է նաև ԵՄ-ի տակտիկան, որն իր հարաբերությունները չի փչացնում ՌԴ հետ իրենց հարաբերությունները խորացնող երկրների հետ՝ հույս ունենալով, որ ասոցացված երկրներին ինչ-որ ժամանակ հետո, գուցե, կարողանա թեքել իր կողմը: Բոլոր դեպքերում, Թբիլիսիի հետ Մոսկվայի հարաբերությունների բարելավումը Երևանի համար ռազմավարական նշանակություն ունի գոնե զուտ տնտեսական առումով: Մյուս առումով, գուցե Երևանի համար եվրոպական ուղղության խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը Մոսկվայի կողմից ըմբռնելի լինի և նվազեցնի ճնշումների մարտավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել