Հայաստանում քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն այդպես էլ չեն ցանկանում սովորել, որ հայ-ռուսական հարաբերությունները կամ դաշնակցությունը անվտանգության խնդիրներով չեն միայն պայմանավորված: Որքան գերիշխում է այդ մտայնությունը, այնքան խորանում է կախյալությունն ու թուլանում Հայաստանի ազգային անվտանգության հիմքերը: Քանի դեռ մենք չենք հասկացել, որ այդ հարաբերությունները գծային են, այսինքն՝ որքան ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավոր, այնքան էլ ՀՀ-ը նրա համար գեոստրատեգիական նշանակություն ունի, ապա ՌԴ-ը միշտ հանդես է գալու անվտանգության արտահանողի դերում ու շատ հաճախ անտեսելու է գործընկերոջ շահերը: Իսկ թե ինչպես է մեր դաշնակիցն ընկալում մեր երկիրը, լավագույնս ցույց են տալիս եվրասիական մանևրները մեր անդամակցության շուրջը: Բայց, իրականում, Հայաստանը ՌԴ-ի համար կարևոր է մի քանի պատճառով, և դրանք պետք է հատ-հատ վերարժևորել.

1. Հարավկովկասյան ռազմաքաղաքական վերահսկողություն,

2. ՆԱՏՕ-ի հետ սահմանին ռազմաբազա, նրա ընդլայնման արգելանք,

3. Իրանի հետ ռազմական շփման հնարավորություն, դեպի Մերձավոր Արևելք ռազմաքաղաքական ներկայության ապահովում:

Սրանք աշխարհաքաղաքական այն նախադրյալներն ու հնարավորություններն են, որոնց մասին անգամ կերազեն շատ գերտերություններ, օրինակ, օրավուր հզորացող Չինաստանը: Պետք է հավելել նաև, որ հենց Հայաստանի միջոցով Ռուսաստանը չկորցրեց Հարավային Կովկասը, որի եվրաասոցացումն անխուսափելի էր: Իսկ հասկանալի է, թե աշխարհաքաղաքական ինչ խնդիրների առջև էր կանգնելու մեր դաշնակիցը՝ առանց Հարավային Կովկասի: Մենք պետք է հասկանանք, որ ռազմաբազան ոչ թե կամ ոչ այնքան մեր անվտանգության համար է տեղակայված, որքան այս խնդիրների լուծման: Սա պարզ ճշմարտություն է: Եթե ռազմաբազան անվտանգության համար լիներ տեղակայված, Ադրբեջանը երբեք այսքան ագրեսիա չեր ցուցաբերի, այն էլ պրոգրեսիվ աճման միտումով, որովհետև դա կդիտվեր նաև իբրև Ռուսաստանի դեմ իրականացվող գործունենություն, անհարգալից քաղաքական վարք: Ավելին, ՀԱՊԿ-ն, լինելով անվտանգության ապահովման համար հիմնված դաշինք, բացարձակապես չի ծառայում այդ խնդրին, հատկապես, երբ ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը հայտարարում է, թե պետք է Ղարաբաղի ազատագրած տարածքներում տեղակայվեն խաղաղապահներ, որպեսզի Ռուսաստանն ապահովի Հայաստանի անվտանգությունը: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն Ռուսաստանի նախաձեռնությունները լեգիտիմացնող զուտ ֆորմալ կառույց է ընդամենը: ՀԱՊԿ-ի կանոնադրությունում չկա դրույթ, որ պետք է տեղակայվեն խաղաղապահներ, որպեսզի լուծվեն անվտանգության հարցեր, ավելին՝ 4-րդ հոդվածը հստակորեն ամրագրում է, որ Դաշինքի ցանկացած անդամի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս անդամները տրամադրում են ռազմական օժանդակություն: Իսկ ի՞նչ է, զինված հարձակումը հայկական սահմանապահների վրա, կամ գյուղերի վրա գնդակոծությունը, եթե բարեբախտաբար գնդացրի կամ ինքնաձիգի փոխարեն չի կիրառվում ականանետ, ուրեմն ագրեսիա չէ՞: Այս առնչությամբ ոչ միայն հայտարարություն չի արվում, այլև Հայաստանին, ըստ էության, ներկայացվում է վերջնագիր. եթե ուզում ես անվտանգ ապրել, պետք է համաձայնես խաղաղապահների տեղակայմանը: Այսպիսի գործելաոճը օբյեկտիվ կասկածներ է առաջ բերում, որ ադրբեջանական ագրեսիան հրահրվում է կոնկրետ տեղից, որպեսզի Հայաստանը ստիպված համաձայնի խաղաղապահների ներկայությանը: Սա անուղղակի ճնշման տակտիկա է, որը երբեմն ավելի ուժեղ ազդեցություն է ունենում. նախ՝ չեզոքացվում է հնարավոր հակադարձումը, երկրորդ՝ ստեղծում է անվտանգության սպառնալիքի էֆեկտ, որը նույնիսկ զարգացման վտանագավոր սցենարի կարող է հանգել, եթե հայաստանյան իշխանությունները չփորձեն վերանայել անվտանգայնության հետ կապված հարցերը և շարունակեն պահպանել պասիվ լոյալություն: Եվսեևի հայտարարությունը բավական լավ լույս է սփռում ռուսական քաղաքականության թիրախային ուղղվածության վրա, ուստի սրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել