ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Հայաստանի համար առանձնացրել է վարքի 3 մոդել, որոնցից մեկը «վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք»: ԵվրԱզԷս-ի տնօրենը, փաստորեն, Հայաստանին ընտրության հնարավորություն է տալիս, այն դեպքում, երբ տրամաբանորեն պետք է խոսեր մեր երկրին իրենց տնտեսական տարածություն հրավիրելու ժամկետների կամ տեխնիկական խնդիրների մասին, ինչպես իրենք են սիրում ասել: Սակայն, այժմ, երբ իբրև թե Հայաստանին քիչ ժամանակ է մնացել դառնալու ԵԱՏՄ անդամ, դրա քույր կազմակերպության ղեկավարը խոսում է ընտրության հնարավորության մասին: Եվրասիականության գաղափարակիրներին պետք է օգտագործել Հայաստանին, որպեսզի բարձրացնեն իրենց նախաձեռնությունների դեմոկրատականության արժեհիմքը: Հասկանալի է, որ այս հայտարարությունն արվում է ոչ ԵԱՏՄ-ի կողմից, որպեսզի հանկարծ Հայաստանի մոտ կասկածներ չառաջանան, թե իր անդամակցությունը դրվում է կասկածի տակ: Լեպյոխինը նաև հավելում է, թե վերոնշյալ վարքաբանությունը կհանգեցնի ինքնիշխանության կորստի: Սա հետաքրքրական միտք է, որովհետև պարզ է, որ եվրոպական նախագծերն ունեն դեմոկրատական հիմք, դրանցում պետություններին տրվում է հնարավորինս հավասար հնարավորություններ, հարցերը, խնդիրները լուծվում են քննարկումների միջոցով, իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, բայց, ինչպես նշում էր դեմոկրատիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ռոբերտ Դալը, իդեալական դեմոկրատիա չի լինում, դրա համար էլ նա մշակեց պոլիարխիայի տեսությունը: Ինչևէ, եթե համեմատենք ռուսական պրոյեկտների հետ, բնականաբար տարբերությունն ավելի քան ակնբախ է: Ռուսաստանը, լինելով ավելի շատ կորպորատիվ ավտորիտար երկիր, հիմնականում հենվում է, այսպես կոչված, կենտրոնական որոշումների վրա, կողմնակից է ուժի դիրքերով հարցերի լուծումներին և այլ՝ ոչ կոմպրոմիսային և կոնսենսուսային մոդելների կիրառմանը: Սա անգամ տեսանելի է մարսից, հետևաբար՝ ի՞նչ կնշանակի, որ եվրոպական ճանապարհի վերադարձով Հայաստանը կկորցնի սեփական ինքնիշխանությունը: Եվ Լեպյոխինը, և ռուս ու ղազախ այլ պաշտոնյաներ շատ լավ գիտեն, թե իրենց, թե եվրոպացիների ծրագրերի, կառույցների, կազմակերպությունների գործունեության սկզբունքային տարբերությունը: Հետևաբար, եթե այս կոնտեքստում դիտարկենք հարցը և եթե բացառենք խոսքի ենթատեքստային հանգամանքը, այսինքն՝ Լապյոխինը պատասխան է տալիս եվրոպացիներին, ովքեր պնդում են, թե Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքով, ապա պետք է նշենք, որ ինքնիշխանության կորուստ ասելով, նա ուղղակիորեն զգուշացնում է Հայաստանին, որ անվտանգության հետ կապված խնդիրներն անխուսափելի են, Ղարաբաղի հարցում այլևս Հայաստանը կդժվարանա սեփական տեսակետն արտահայտել և այլն: Չնայած դրան՝ նա հավելում է նաև, որ չկա որեւէ ճնշում կամ ձգտում Հայաստանին արհեստականորեն ներքաշել այդ ինտեգրացիոն ծրագրերի մեջ: <Չձգտելն> ու ինքնիշխանության մասին խոսքի զուգորդումը, ինչպես էլ նայենք, սպառնալիքի տեսք է ստանում: Փաստորեն, Մոսկվան, հստակություն չունենալով Հայաստանի եվրասիական ծրագրերին ինտեգրելու առումով, ստեղծված ժամանակային վակուումը փորձում է լցնել սպառնալիքներով՝ հեռու պահելով այլ գայթակղություններից: Մեկ այլ հետաքրքիր միտք էլ կա նրա ձևակերպման մեջ, որը կամ դիվանագիտական հնարք էր, կամ անզգույշ վրիպակ. <արևմտյան վերակողմնորոշում>, այսինքն՝ նա փաստում է, որ Հայաստանի կողմնորոշումը եղել է եվրոպական, ոչ՝ ռուսական: Սա էլ, իմիջիայլոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել