Գալուստ Սահակյանը, ով գտնվում է Ռուսաստանում, հավանաբար փորձում է փակել Կիսելյովի խոսքի քաղաքական հետևանքները: Նա իր ելույթի տեքստը կարդացել է հայերեն: Փաստորեն, հայաստանյան իշխանությունների դեպի ռուսաստան բացվող «messagebox»-ը Գալուստ Սահակյանն է, ով պետք է այդ երկրին ցույց տա, որ Հայաստանում հայոց լեզուն առաջնային է, իսկ ներքին լսարանի մոտ էլ ստեղծում են հակադարձման իմիտացիա: Իմիտացիա, որովհետև իշխանությունը երբեք չի փորձել Ռուսաստանի որևէ պաշտոնյայի հակադարձել, հետևաբար՝ երբեմն-երբեմն դրսևորվող դեմոնստրատիվ մեսիջները չեն կարող հակադարձման կամ պատասխանի էֆեկտ ապահովել, քանի որ ռուսական քայլերն արժանանում են բարձր մակարդակի լռելյայն լոյալության: Ակնհայտ է, որ Գալուստ Սահակյանը նաև այն քաղաքական գործիչը չէ, ով կարող է Հայաստանը ներկայացնել արտաքին քաղաքական հարաբերություններում, քանի որ չունի ներքին համապատասխան ռեսուրս, այսինքն՝ ռեալ իշխանություն, նրա իշխանությունը նոմինալ է, մինչդեռ, հատկապես հետխորհրդային երկրների համար հիմնականում հարգի է ինստրումենտալ բնույթի իշխանությունը, երբ վերջինս բխում է որոշակի ռեսուրսներից և ծառայում է որպես գործիք ազդեցություն ունենալու համար: Գալուստ Սահակյանի պարագայում դա բացակայում է, հետևապես՝ Ռուսաստանում, նախ, նրան շատ լուրջ չեն վերաբերվի և հայաստանյան իշխանությունից էլ պատասխան դժվար թե ուզեն: Սա գիտակցում է նաև մեր իշխանությունը և դրա համար էլ ընտրել է հենց ԱԺ նախագահին: Գուցե Գալուստ Սահակյանի հայերենով ելույթը այս պահին պատասխան էր նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն չընդունելուն, եթե այդպես է, կնշանակի, որ Հայաստանը Ռուսաստանին պատասխան տալու այլ՝ տնտեսական, դիվանագիտական, քաղաքական, ռեսուրս չունի, բացի արժեբանական ասպեկտներից: Սակայն, ակնհայտ է, որ Ռուսաստանը, լինելով կայսրություն և առաջնորդվելով բացառապես կայսերական կամային-քաղաքական վարքաբանությամբ, հիմնական շեշտադրումը կատարում է արժեբանական ասպեկտի վրա, օգտագործում է մշակութային ասիմիլյացիան՝ իբրև քաղաքական վերահսկողության գործիք: Հետաքրքիր է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի մշակութային էքսպանսիան ունի դրսևորման երկու տարբերություն`

1. համակարգային-կառուցվածքային՝ զուգորդում է գաղափարախոսական կոնցեպցիաներով, քանի որ այդ երկուսն առանց իրար երկար գոյություն ունենալ չեն կարող,

2.տակտիկական-եղանակային՝ դրանց տարածումը կատարվում է ոչ թե ասիմիլյացիոն, այլ գովազդային-քարոզչական մեթոդներով:

Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ի մշակույթն ավելի գայթակղիչ է և շատ երկրների կողմից հակազդեցության չի հանդիպում, ավելին՝ դառնում է երազանք: Սա հետաքրքիր օրինակ է, որը ցույց է տալիս Ռուսաստանի մշակութային էքսպանսիայի չորությունը: Եվ քանի որ ՌԴ-ն չի տիրապետում ամերիկյան գործիքակազմին, ապա ավելի ռեակցիոն մոտեցում է ցուցաբերում այն ժողովուրդների նկատմամբ, որոնք ընդդիմանում են իր մշակույթին, և դա կայսրությանը բնորոշ հատկանիշ է: Հիմա մնում է սպասել, թե ինչ արձագանք կգտնի ԱԺ նախագահի լեզվական դիվանագիտությունը ռուսների մոտ, եթե նրանք որոշեն հաշվի առնել ԱԺ նախագահի զուտ դե յուրե կարգավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել