Զարգացումներն Իրաքի շուրջը թե ներքին, թե արտաքին առումներով գնալով ավելի են սրվում: Մի կողմից երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում Իրաքի և Լևանտի Իսլամական Հանրապետության զինված խմբավորումների, մյուս կողմից էլ առկա է ներքաղաքական կոնֆլիկտ՝ կապված Իրաքյան Քուրդիստանի անկախացման ձգտումների հետ: Ինքնավար Քուրդիստանի նախագահ Բարզանին, ով բավական լավ դիվանագետ է, գտել է հարմար պահը՝ անկախություն հռչակելու համար: ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հետ հանդիպման ժամանակ, նա հայտարարեց, որ եկել է ժամանակը Քուրդիստանի ապագան որոշելու համար, քանի որ վարչապետ ալ Մալիքին ի վիճակի չէ երկրում հաստատել կայունություն, ուստի նա էլ պիտի փոխարինվի: Սակայն, դժվար թե Բարզանիի իրական նպատակը ալ Մալիքիին իշխանությունից զրկելն է, նրա համար գուցե լավագույն վարչապետը հենց գոծող վարչապետն է, քանի որ ներկայումս ԻԼԻՀ-ի խմբավորումները կարողանում են երկրում լարվածությունը պահել, ինչն էլ Քուրդիստանի անկախության հռչակումը կարող է միջազգայնորեն լեգիտիմացնել: Վերոնշյալ հանդիպման ժամանակ Ջոն Քերրին, սակայն, հայտարարել էր, որ պետք է կազմավորել ներառող տիպի կառավարություն՝ բոլոր քաղաքական ուժերով: Թեև Իրաքյան Քուրդիստանը համարվում է ԱՄՆ-ի պլացդարմը, սակայն, փաստորեն, վերջինս չի շտապում հավանություն տալ անկախ Քուրդիստանի կազմավորմանը, որովհետև այն դոմինոյի էֆեկտով համակելու է մյուս երկրների քրդական համայնքներին: Սրան Վաշինգտոնը, ըստ երևույթին, ներկայումս պատրաստ չէ, քանի մերձավորարևելյան շիկացած բալոնի պայթյունը անխուսափելի կլինի: Նախ, պետք է ունենալ հարաբերականորեն կայուն Մերձավոր Արևելք, որովհետև կոնֆլիկտը, ընդգրկելով նաև օժանդակ սուբյեկտներ, մեծացնում է դրանում հետաքրքրությունները, և այն դառնում է ավելի անկառավարելի: Հետևաբար պետք է լուծել առաջնային խնդիրներ 2 մակարդակում.

1.հարաբերությունների մակարդակում՝ ավարտին հասցնել Սիրիայի հարցը, հասկանալ Իրանի հետ հարաբերությունների գործընկերային, թե մրցակցային էությունը,

2. կոնֆլիկտային մակարդակում՝ հստակեցնել ԻԼԻՀ-ի ռազմական մարշի հետևանքները, ներիրաքյան կոնֆլիկտի էսկալացիայի հնարավությունները շիա և սուննի մահմեդականների միջև, Իրաքյան Քուրդիստանի և ալ Մալիքիի կառավարության միջև լարվածությունը, Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունը, այս կոնֆլիտային գերծընթացներում Իրանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի հարակից սուբյեկտայնունթյան կարգավիճակը և այլն: Մյուս կարևոր հանգամանքն ԱՄՆ-ի համար այն է, որ միացյալ Իրաքն ավելի արդյունավետ պայքար կմղի ԻԼԻՀ-ի զինյալների դեմ: Սակայն, Բարզանին, ինչպես երևում է չի ուզում սպասել ԱՄՆ-ի պլանների իրագործմանը, քանի որ ԻԼԻՀ-ի գործողություններից քրդական ինքնավարությունը նույնպես տուժում է, և կարող է այլևս նպաստավոր հանգամանք չդասավորվել անկախության հռչակման համար: Այս իրողությունն էլ ստիպում է ԱՄՆ-ին իրական միջոցներ ձեռք առնել. նա ցանկանում է բավական մեծ չափերի (խոսվում է 500 միլիոն ԱՄՆ դոլարի մասին) գումար տրամադրել իրաքյան կառավարությանը թե ռազմական, թե սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու համար: Այդ գումարի դիմաց էլ Պետքարտուղարությունը Բաղդադին հորդորում է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն որպեսզի տեղի ունենա շիաների և սուննիների հավասար մասնակցություն պետական կառավարման ոլորտում (ինչին դեմ է Իրաքի վարչապետը): Սա էլ կստիպի ԻԼԻՀ-ին, որը սուննիական խմբավորում է, դադարեցնել զինված բախումները, ու այդ դեպքում էլ Քուրդիստանը կսպասի: Թուրքիան Քրդական պետության ստեղծման հարցում նույնպես ունի շահագրգռվածություն, քանի որ Հյուսիսային Իրաքը հարուստ է նավթով, որտեղ էլ գտնվում է քրդական ինքնավարությունը: Այդ երկիրը կունենա անմիջական սահմանակից նավթով հարուստ հարևան, որի նավթը կդառնա իրական այլընտրանք ռուսական և ադրբեջանական նավթային քաղաքականությանը: Բնականաբար, անկախ երկրի հետ ավելի հեշտ է մտնել հարաբերությունների մեջ, և Անկարային այժմ ձեռնտու է անկախ Քուրդիստանն այդ տարածքում: Մյուս կողմից էլ, իրաքյան քրդերի հետ լավ հարաբերությունների ֆոնով, թուրքերն իրենց երկրում ապրող քրդերին ցույց կտան անուղղակի լոյալություն: Այս քաղաքականության հիմքը դրեց Դավութօղլուն, ով չափազանց ճկուն դիվանագիտական մոտեցումներ է մշակում տարածաշրջանային քաղաքականության համար, որը բավական օգուտներ է բերում Թուրքիային, քան նախկինում որդեգրած թշնամական քաղաքականությունը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը իրաքյան ճգնաժամի հեռակա կառավարման գործում ներգրավել է Սաուդյան Արաբիային, ոչ թե՝ Թուրքիային՝ լավ հասկանալով նաև, որ այդ երկիրը ամբիցիոզ է, Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ և կարող է չենթարկվել ու սկսել սեփական խաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել