Եվրասիական տնտեսական անդաստանը Հայաստանով չի լցվի: Սա վերջապես հասկացել են դրա գաղափարական հայրերը՝ դուգիններն ու նազարբաևները: Տրված ժամկետը լրացել է, իսկ ղազախ արտգործնախարարը Հայաստանին թվիթերով է հասկացնում, որ հոկտեմբերից շուտ չպետք է ակնկալել անդամակցություն: Ռուսաստանն այդ ծանր գործը թողել է Ղազախստանի վրա, որն էլ բավական լավ իրականացնում է: Բայց ավելի զավեշտալի է, որ մեր երկրի վարչապետը նույնիսկ չգիտի ոչ ժամկետների, ոչ էլ անդամակցության ձգձգման պատճառները: Նրա հայտնի հայտարարությունը հաստատապես ապացուցում է, որ Հայաստանը որոշման կայացման գործընթացից ամբողջապես դուրս է մղված, այն նույնիսկ նվազագույն չափով ազդեցություն չունի այդ որոշումներում գոնե այլընտրանքային տարրեր մտցնելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքը, որ իրենք մինչև տարվա վերջ կստորագրեն համաձայնագիրը, քանի որ բոլոր պարտավորությունները կատարել են, հստակորեն ընդգծում է Հայաստանի պասիվ, կրավորական և քննություն հանձնողի կարգավիճակը: Այն ցույց է տալիս, որ որևէ բանակցային գործընթաց չկա, որովհետև բանակցությունը ենթադրում է համատեղ որոշումների ընդունում, ինչն ակնհայտորեն Հայաստանին չի վերաբերում: Տվյալ գործընթացում ներգրավված Ադրբեջանը նույնիսկ ավելի շատ բանակցային կողմ է, քանի որ թեկուզ նամակով, բայց կարողացավ իր համար ապահովել պարտություն-հաղթանակ բանակցային ամենաագրեսիվ ու ապակառուցողական բանակցային հանգուցալուծումը: Իսկ որպեսզի պետությունը կարողանա բանակցել, պետք է կարողանա նաև ճիշտ հասկանալ և օգտագործել իր արժեքները, գիտակցել, թե ինչ է դիրքորոշումը, ինչպես այն արտահայտել, դրա համար պետք է կառուցել նորմալ, զարգացող, ոչ օլիգարխիկ, ոչ մոնոպոլ, ոչ կլեպտոկրատական պետություն:

Ռուս-ղազախական տաբուի էֆեկտը:

Այն բանից հետո, երբ Նազարբաևը որոշեց Հայաստանի միջազգային անորոշությունը, իսկ Պուտինն էլ երկրորդեց, հայ քաղաքական գործիչներին այլ բան չէր մնում, քան Բաքվում Գեղամյանի շուրթերով Ադրբեջանին ևս հրավիրել ԵԱՏՄ: Նրանք հասկացան, որ եթե կորցնեն այդ եվրասիականացումը, ապա կկորցնեն այլևս թե «կամ-կամ», թե «և-և» շանսերը: Հիմա Մոսկվան Հայաստանի և Արցախի հաշվին ձգտում է գայթակղել Բաքվին, որովհետև համոզված է, որ Հայաստանն այլևս գնալու տեղ չունի: «Հայաստանը գնալու տեղ չունի» կարգախոսը միշտ էլ եղել է ռուս ստրատեգների կովկասյան քաղաքականության պլաններում, և նրանք ամեն ինչ անում են, որ այդ կարգավիճակը երբեք չփոխվի: Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է կովկասյան ջոկեր և օգտագործվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է: Հիմա պետք է խաղի մեջ մտած ԱՄՆ-ին չգրգռել Հայաստանի եվրասիականացմամբ, քանի որ Ուկրաինան ու Մոլդովան կորցնելուց հետո ռուսները հասկացան, որ ԱՄՆ-ի հետ պետք է խաղալ նրա իսկ կանոններով: Հայաստանին պետք է պահել ԱՄՆ-ի «համար», որպեսզի վերջինս չկենտրոնանա միայն Ադրբեջանի վրա, ինչը հնարավորություն կտա Մոսկվային Բաքվի հետ ավելի հանգիստ բանակցությունների մեջ մտնել: Այստեղ հետաքրքիր դեր է վերապահված Ղազախստանին, որը մի տեսակ ստանձնել է նոմինալ լիդերի դերակատարություն, և պետք է խաղարկել վերջինիս դիվանագիտական թիրախավորման էֆեկտը: Այսինքն, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին պետք է վստահեցնել, որ Ղազախստանը թելադրող է Եվրասիական պրոյեկտներում, գուցե նրանք այդ երկրի վրա ուղղեն իրենց դիվանագիտական խողովակները, ինչն էլ Ռուսաստանի համար ազատ դաշտ կբացի Ադրբեջանից ու Հայաստանից հնարավոր առավելագույնը կորզելու համար: Դրա համար էլ խաղաղապահների տեղակայման խնդիրն ավելի անթաքույց դրսևորում է ստացել ռուսական աշխարհաքաղաքական պրոյեկտներում, որ մինչև Սարգսյան-Ալիև հանդիպումը այդ հարցում որոշակի տեղաշարժ լինի: Բայց ամերիկացիները հաշվի առել են այս սցենարը, դրա համար էլ Ջոն Հեֆֆերնը թվիթերյան իր էջում գրում է, թե ճիշտ կլինի, որ «օկուպացված» տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Այսինքն, Ադրբեջանին հասկացվում է, որ սակարկությունը միայն ռուսական մենաշնորհը չէ, ԱՄՆ-ն նույնպես դերակատարություն ունի: Ամերիկյան մեսիջն ուղղված էր նաև Հայաստանին, որ Եվրասիական տնտեսական միության միանալու անձնուրացությունը գին ունի, և այդ գինը կենսական կարևորության շահն է, ու որը թելադրված է նաև ՌԴ կողմից: Հիմա Երևանը պետք է կարողանա Արևմուտքին ցույց տալ, որ, այնուամենայնիվ, «գնալու տեղ կա», և ինքը հարավկովկասյան տարածաշրջանում կարևոր սուբյեկտ է, որի հետ բանակցությունների մեջ մտնելն անհրաժեշտություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել