Էլեկտրաէներգիայի թանկացումը միանշանակորեն ազդելու է Հայաստանի զգայուն սոցիալ-տնտեսական վիճակի վրա, դա հասկանում են նաև կառավարությունում, որտեղ փորձում են միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու համար դժգոհությունների ավելացումից: Հատկապես դա վտանգավոր է ներկայիս քաղաքական իրավիճակում, քանի որ ընդդիմությունը ներկայիս սոցիալական խնդիրներով և նախաձեռնություններով բավական ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում և առիթը բաց չի թողնի իշխանության վրա ճնշում գործադրելու համար: Հիմա վարչապետը հանձնարարում է կառավարությանը միջոցներ ձեռնարկել սոցիալապես անապահով ընտանիքների նպաստները բարձրացնելու համար: Սա, սակայն, ավելի շատ պրևենտիվ քայլ է, քան իրական սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրային քաղաքականություն, հետևաբար՝ այն չի կարգավորելու սոցիալական ճգնաժամը, այն կառավարությանն ուղղակի հնարավորություն է տալու կազմելու իր թվային վիճակագրությունը, այսինքն՝ «թվային զսպման սոցիալական քաղաքականություն» է իրականացվում ընդամենը: Պետք է նշել, սակայն, որ սոցիալական վիճակը քաղաքական հակումներ ունի, և, համաձայն ամերիկացի հայտնի տեսաբան Հանտինգտոնի, սոցիալ-տնտեսական ցածր պայմանները քաղաքականապես ակտիվացնում են զանգվածներին, քանի որ մարդկանց պահանջմունքները համահունչ չեն իրենց հնարավորություններին, իսկ քաղաքական ակտիվությունը ոչ ադեկվատ համակարգի պայմաններում հղի է քաղաքական անկայունությամբ: Այդ դեպքում, միայն «թվային զսպման սոցիալական քաղաքականությունը» վտանգավոր է, որովհետև իշխանությունն իր համար ապահովում է թվային համադրելիություն իբրև սոցիալական վիճակի գնահատական և չի զբաղվում իրական խնդիրների վերացմամբ՝ երբեմն էլ դա օգտագործելով քարոզչական նպատակներով: Զարմանալի է, որ պետական կառավարման մարմինը, ի դեմս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, փորձում է բավարարել ինչ-որ մասնավոր կազմակերպության շահերը, այն դեպքում, երբ բնակչության 30 տոկոսից ավելին գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում: Հատկանշական է, որ այս ամենն իրականացվում է սահմանադրական բարեփոխումների քննարկման ֆոնին, երբ կարևորվում է սոցիալական պետության գաղափարն ու դրա կյանքի կոչման իրական երաշխիքների ամրագրումը: Սոցիալական պետությունը ենթադրում է պետական դիստրիբյուտիվ քաղաքականության խթանում, որը միտված է ռեսուրսների բաշխման առավելագույն համահավասարություն ապահովելուն, իսկ մեկ կազմակերպության պահանջով ռազմավարական նշանակության ծառայության սակագնի բարձրացումը հակադարձ համեմատական է նշյալ սկզբունքներին: Այս ամենն ընկած է քաղաքական արժեքների հիմքում, որը բավական բարդ հարաբերություններ կարող է գեներացնել իշխանության համար: Վերոնշյալը քաղաքական արժեքների արդարության մակարդակն էր, խնդիրն ավելի է թեժանում, քաղաքական արժեքների գործընթացային մակարդակում, երբ զանգվածներն ակտիվանում են, իսկ ընդդիմադիր ուժերը սկսում օգտագործել դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել