Թեև  այս երգչուհին արդեն 15 տարեկան է, բայց և հանդիատեսի համար մնացել է իբրև իրենց սիրելի փոքրիկ Դալիթան: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհին այս տարիքում  հասցրել է ներկայանալ իր առաջին մենահամերգով, այն  էլ՝ Բեյրութում:

Դալիթան առաջին անգամ խոսելու է իր կյանքի դեռևս չբացահայտված շատ մանրամասների մասին՝  նկարահանվելով  ArmՏtar.am-ի հատուկ ֆոտոշարքում:

Կպատմե՞ս յուրօրինակ անվանդ մասին, ո՞վ է քեզ կնքել Դալիթա:

Քանի որ բժշկական տեսակետից մայրս ծանր հղիություն էր տարել և իմ ծնվելու հետ կապված որոշակի բարդություններ էին ծագել, այդ իսկ պատճառով նա ուխտ արեց,  որ անունս կընտրի Աստվածաշնչից:

Դալիթա անունը կապված է Քրիստոսի հրաշքներից մեկի հետ, երբ Քրիստոսը վերակենդանացրեց մահացած աղջնակին՝ ասելով. «Դալիթա ումի», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «փոքրիկ աղջիկ, վե՛ր կաց»:

15-ամյա աղջնակին որքանո՞վ է խանգարում կամ օգնում հայտնիությունը:

Հայտնիությունն ամենևին էլ չի խանգարում, որպեսզի ես ապրեմ իմ բնական կյանքով, ստեղծագործեմ ու շփվեմ իմ ընկերների հետ: Այն, ընդհակառակը, օգնում է, քանի որ այս դեպքում դու զգում ես, որ քո արած ամեն մի աշխատանք գնահատվում է:

Տարիքակից երգիչներից ինչո՞վ  ես տարբերվում:

Մեզանից յուրաքանչյուրն էլ իր կատարած աշխատանքը ներկայացնում է հանդիսատեսին, իսկ թե ինչով եմ ես տարբերվում, այդ հարցին կարող է պատասխանել միայն հանդիսատեսը:

 

Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, դրանցից որևէ մեկը կառանձնացնե՞ս:

Մասնակցած մրցույթներից կառանձնացնեմ Եվրատեսիլը, որը շատ կարևոր դեր ունեցավ իմ կյանքում և ինձ մեծ ճանաչում բերեց  հայրենիքում, սփյուռքում և մի շարք եվրոպական երկրներում:

Արդեն իսկ հաղթած երկրի եվրատեսիլյան մասնակցի համար մրցույթում հաղթանա՞կն էր կարևորը,  թե՞  հաղթող երկրին արժանավայել ներկայացնելը:

Որպես հաղթած և հյուրընկալ երկրի ներկայացուցիչ ես հաղթանակ չէի ակնկալում և այս կարգավիճակում ինձ համար կարևոր էր երկիրս պատվով ու արժանավայել ներկայացնելը:

Պատկերացնու՞մ ես, թե ինչպիսին է լինելու հետագա երաժշտական կարիերադ:

Կփորձեմ նախ և առաջ կատարելագործվել, սովորել, պարապել ու պարապել, որից հետո էլ ավելի առաջ շարժվել, նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկել ու Աստծո կամոք իմ հաստատուն տեղը կերտել մեր երգարվեստում, հնարավորության դեպքում՝ նաև արտասահմանյան շոու-բիզնեսում:

Հասակակից երգիչ-երգչուհիների միջև մրցակցություն նկատում ե՞ս:

Ես անձամբ ոչ մեկի հետ չեմ մրցում և միայն կատարում եմ իմ սիրած աշխատանքը: Փորձում եմ այն կատարել հնարավորինս անթերի, իսկ որևէ մեկի կողմից մրցակցություն նկատելու դեպքում, եթե այն առողջ մրցակցություն է, նորմալ եմ վերաբերվում:

Սկզբունքներ ունե՞ս քո երգարվեստում, որոնց հետևում ես:

Իհարկե կան սկզբունքներ, ես արդեն հասցրել եմ այս մի քանի տարիների ընթացքում քիչ թե շատ  ձեռք բերել իմ երաժշտական ձեռագիրը, բացի այդ, իմ կողքին կան ինձ շատ հարազատ ու պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր ինձ միշտ օգնում են այդ հարցում: Սակայն, չբացառելով կյանքում և ոչ մի բան, այս պահին կարող եմ միայն ասել, որ կանեմ այնպես, որ հուսախաբ չանեմ իմ երկրպագուներին:

Երաժշտական ո՞ր ոճերն ես նախընտրում:

Հարգում եմ բոլոր երաժշտական ոճերն էլ, բայց ինձ ավելի հոգեհարազատ են՝ դասական երաժշտությունը, փոփ-էստրադան և ջազը: 

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել