5Ինչպես տեղեկացանք, Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Քեսաբը, որի ազատագրմանը մասնակցել է հայկական լեգեոն, և ցավոք, ունենք նահատակ` հանձին հերոս Վարդան Անդրիյանի, ում անունը պարտավոր ենք անմահությամբ պսակել:

Հայության մեծ մասը, գուցե, դեռ չի գիտակցում այսօրվա վեհության գինը, ինչպես նաև այն ազգային-ռազմավարական նշանակությունը, որը կունենանք Քեսաբը հայերով վերաբնակեցնելու դեպքում: Քեսաբն իրավամբ այն կարևոր նշանակության հայկական օջախներից մեկն է, որը, գտնվելով Թուրքիայի սահմանին, երկար տարիներ պահպանել է իր հայկականությունը, ապացուցել, որ հայը, հայկականությունը և հայկական գործոնը աշխարհում միշտ էլ ամուր կմնան` ի հեճուկս թուրքերի և մյուս բոլոր հակառակորդների: Չմոռանանք նաև, որ Քեսաբը պատմական Կիլիկյան Հայաստանի տարածք է հանդիսանում: Եվ մեզ համար այդ տարածքը վերաբնակեցնելը և այն խնամելը (նաև պետական աջակցությամբ) և′ պարտականություն է, և′ առաքելություն:

Ինձ մնում է միայն շնորհավորել հայ ժողովրդին՝ 21-րդ դարում իր առաջին ռազմական հաղթանակի համար, որ տեղի ունեցավ այսօր` հունիսի 15-ին: Այսօրն այսուհետ կլրացնի ազգային տոների շարքը: 21-րդ դարը հայության համար պետք է լինի հաղթարշավների ու ձեռքբերումների դար: 21-րդ դարը մեր նվիրական երազանքների իրականացման սկիզբն է միայն, որն իր մեկնարկն ստացավ Քեսաբի ազատագրմամբ: Հայրենիքի ևս մեկ կտոր վերադարձավ իրական տիրոջը:

16.06.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել