Tert.am-ը գրում է.
«Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով Երևանում այսօր մեկնարկած ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Մաքսային միության տնտեսական տարածքում ձևավորվող պլատֆորմը, շատ մոտ է Հայաստանի տնտեսական համակարգին և զարգացվածության աստիճանին։
Նախքան ելույթը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում պետք է ընդունվի բանաձև, որտեղ կամփոփվի համաժողովի արդյունքները: Այնուհետև ձևավորվեց խմբագրական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Համաժողովին ներկա են ՀՀ նախարարներ, պատգամավորներ, մի շարք այլ պաշտոնյաններ: Համաժողովի սկզբում ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձները:
Այնուհետև վարչապետը հանդես եկավ զեկույցով և անդրադարձավ կարևորագույն դրդապատճառներին, որոնք հաշվի առնելով էլ Հայաստանը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհում տեղի ունեցան արմատական փոփոխություններ, բյուրեղացման լրջագույն հարաբերություններ ու երևույթներ, որոնք մինչ ճգնաժամը ակնհայտ չէին:
«Ճգնաժամը ցույց տվեց Եվրոմիության ուժեղ և թույլ կողմերը և թե որն է այն առանցքը, որի շուրջ միավորված են եվրոպական երկրները և արևելյան գործընկերության ծրագրի հիմնական ուղղությունները ... Այդ ընթացքում ձևավորվեց Մաքսային միությունը, որը ցույց տվեց իր կենսունակությունը: ՄՄ տնտեսական տարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որ ձևավորվում է այստեղ, շատ մոտ է մեր տնտեսական համակարգին և զարգացվածության աստիճանին»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, թե հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ՝ ի հաշիվ իր դաշնակցի հետ հարաբերությունների:
«Մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների ստեղծումը, որը միտված կլինի մեկ այլ գործընկերոջ հետ ունեցած հարաբերության հաշվին»,- ասաց նա:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նշելով, որ ՄՄ–ին, իսկ հետագայում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն ունի հստակ ռազմաքաղաքական քաղաքականություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ