Առավոտ արթնացա ու հասկացա, որ երեկվա ներքին էյֆորիաս դեռ չի ավարտվել:
Նայեցի ժամին,
8-ն էր:
Զարմացա, չհավատացի ու նորից նայեցի:
Հա էլի, 8-ն էր:
Ցնդել կարելի ա:
Ես ե՞րբ էի ժամը 8-ին արթնացել,
Դա իմ քնելու ժամն ա սովորաբար:
Ժպտացի:

Բարձիս տակից Պիպոյանի ձայնն էր լսվում:
Հեռախոսս ամբողջ գիշեր երգել էր:
Էլ չզարմացա, որ վերջին ժամանակներում բացառիկ դեպք էր գրանցվել`
Գիշերը քնել էի` հանգիստ, երկար, խաղաղ:
Ժպտացի:

Պիպոյանը էյֆորիայիս հետևանքն էր,
Էյֆորիաս պիպոյանոտ, պիպոյանական, պիպոյանագույն էր:
Ես սիրում եմ լսել Պիպոյանին,
Էյֆորիաս հասկանում ա Պիպոյանին, զգում, ընկալում, վերապրում, շնչում:
Էյֆորիայիցս պիպոյանաբույր ա գալիս սովորաբար:

Վերմակը քաշեցի գլխիս ու բոբիկ գնացի պատշգամբ:
Արև էր,
Էնքան տա՜ք, էնքան անո՜ւշ, էնքան դեղի ՜ն:
Երկինքը խաղաղ էր ու լազուր:
Ամպերը ներդաշնակ էին երկնքին, բայց բանը մաթեմատիկական ճշգրտությանը չէր հասնում:
Աբստրակտային ներդաշնակություն էր տիրում:
Հազարից մեկ ա էդպես լինում,
Հազարից մեկ եմ ներդաշնակ լինում երևի:

Թեյեցի:
Ուզում էի գրել, բայց չստացվեց,
Երևի չափից դուրս շատ ու չափից դուր անիմաստ երջանկությունն էր պատճառը:
Մտածեցի, որ ավելի լավ է մի քիչ էլ հիշեմ երեկվա լուսավոր մանրուքն ու փշաքաղվեմ:
Ժպտացի:
Հասկացա, որ վաղուց երեկվա պես երջանիկ չէի եղել:
Իմ նման դեպրեսիկներին մեկ-մեկ մի քիչ մանրուք ու երջանկություն ա պետք` դեմքի ստորակետը վեր բարձրացնելու համար:
Էլի ժպտացի:

Օրագիրս թերթեցի ու հասկացա, որ մի շատ կարևոր գրառում կիսատ է, դատարկ:
Նկարի հատվածը, որն ի դեպ ինքս էի գծել, անիմաստ վախերիս պատճառով դատարկ էր:
Ամաչեցի ինքս ինձնից ու իմ վախերից:

Հանկարծ հասկացա, որ էյֆորիայի հատիկների կողքը համարձակության պստիկ հատիկներ են հայտնվել:
Ժպտացի:

Սպիտակ շարֆս կապեցի ու վազեցի դուրս:
Չեմ հիշում, թե ինչ ասացի տանեցիքին:
Իմ համար կարևոր չէր, իրենց էլ քիչ էր հետաքրքրում:
Փոխվել եմ,
Առաջ իմ աչքում էսքան վատը չէի:
Տխրեցի:

Ինչ-որ բան հոսանքի պես առաջ էր տանում ինձ:
Ես ճախրում էի չեղած երկնքում.
Թևերս ամպոտ էին,
Մտքերս`լազուր,
աչքերս`խաղաղ,
դեմքս`լուսավոր,
հայացքս`կաթնագույն,
վախերս`համարձակ:
Ժպտացի:

Վերջին անգամ ֆոտոյում մի տարի առաջ էի եղել:
30-ից ավել ֆոտո հանեցի, բայց ժամանակը խատուտիկի փոշու պես թռավ,
Իսկ էսօր խատուտիկի թերթերը սոսնձվել էին:
Տխրեցի, զգացի, որ էյֆորիաս ներսիցս ցնդել է:
Ընդհանրապես եղե՞լ էր:
Չգիտեմ:

Նկարները սառն էին:
Զարմացա,
Որովհետև դու տաք ես,
Տարօրինակ էր:
Հետո հասկացա, որ թուղթն ա սառը, իսկ նկարները տաք են:
Ժպտացի:
Ժպիտս մի տեսակ ձյունոտ էր,
Սառույց էր կապել վրան:
Տխուր էյֆորիա սկսվեց,
Ու ես հասկացա, որ էյֆորիան էլ կարա տխուր լինի,
Ոնց ցանկացած բան էս կյանքում:
Լավ կլիներ, որ հակառակը մտածեի:
Գուցե հենց տենց ա,
Գուցե ես ուղղակի չեմ հասկանում դեռ:
Առհասարակ վերջերս սկսել եմ վատ հասկանալ,
Երևի շատ եմ զգում դրանից ա,
Երևի սխալ եմ զգում,
Տենց բան հնարավո՞ր ա,
Ասեք, որ չէ,
Խնդրում եմ,
Ասեք, որ հնարավոր չէ:

Մետրոյում հասկացա, որ առաջին ու վերջին անգամ եմ սենց բան անում,
Որովհետև էլ ուրիշ Առաջին չեմ ունենա:
Իմ աշխարհի առաջին բնակիչ,
Իմ ներսի ու գույների առաջին:

Գրկեցի նկարները:
Տխուր էր:
Եթե իմանայի, որ ուղղակի թուղթ եմ գրկել, էսքան չէի տխրի:
Դատարկություն:
Ծակող տխուր էր:

Էն վանդակը ազատեցի ազատությունից,
Նայեցի լցված վանդակին ու չկարողացա չժպտալ:

Էլի էյֆորիա սկսվեց:
Ինձ թվում էր, որ էլի մոտեցել եմ երջանկության սահմանին,
Ինձ ուղղակի թվում էր,
Երևի մի քիչ շատ կլիներ ինձ համար, չէի դիմանա:

Ապուշություններիս շարքը մեկով էլ ավելացրի:
Ոնց որ ծոմի ժամանակ ջրի երես տեսնես,
Ու ինքդ քեզ հույս տալով, արդարացնելով ու խաբելով` սկսես գինի խմել:
Մեկ-մեկ գրելը գինի խմելուց վատ ա:

Տխրեցի,
Հասկացա, որ սարսափելի ա,
Երբ խոսելու ընթացքում Մեկին ավելի ես կարոտում, քան ծոմի ժամանակ:

Զգացի, որ կպել եմ չեղած անցյալից
Ու պոկ չեմ գալիս արխիվներից:
Ցավելու չափ տխուր էր:

Ու ես նորից փակվեցի բոլորի առաջ,
Իսկ մարդիկ արդեն սկսել էին զարմանալ իմ բողբոջներից:
Ու ամենը սկսեց սովորական թվալ`
Սկսած երեկվա չեղած երջանկությունից:

Չհասցրի կարոտել դեպրեսներս:
Ոչ ոք ոչինչ չնկատեց,
Երանի վստահ չլինեի ու գոնե մի քիչ կասկածեի նախորդ տողի ճմրատացիությանը:
Տխրեցի:

Որովհետև չկա ոչ մի կաթիլ իրական,
Որովհետև ամեն ինչ թվացյալ ա:

Օրագրիս վերջին էջն եմ նայում,
Գիտեմ, որ մի օր կնայեմ ու կժպտամ,
Հիմա ժպտալս չի գալիս:

Էս ամենն էնքան ուրիշ ա.
Էնքան բարդ,
էնքան խճճված,
էնքան այլմոլորակային:
Բայց ես ուժեղ եմ,
ԴԵՌ:

Եթե սա ինչ-որ մեկը կարդում ա,
Եթե կարողացել ա , իրեն ստիպել մինչև վերջ կարդալ,
Ուրեմն կամ ափսոսում ա,
Կամ մտածում, որ իմ սերը դեպրես ա ու հիստերիկ,
Կամ, որ ես անհույս եմ,
Կամ էլ հասկանում ա ինձ,


 Մի տեսակ չհավատացի վերջինին:

Ժամը 8-ն ա

Հեսա բոլորը կարթնանան:



Մենք մեր ազատ հոգիները կողպում ենք

Մեր չարարված արարքները ողբում ենք

Ո
՞նց մենք մեզ հասկանանք...(Մարինե Ալես)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել