***

Ձմռան սաստիկ ցրտից խուսափելու լավագույն տարբերակն անշուշտ տոնական լույսերով զարդարված խանութի կենտրոնում կանգնելը չէր,բայց,նա այլևս ոչ մտածելու ժամանակ ուներ,ոչ էլ` մտափոխվելու հնարավորություն.հիմա կամ `երբեք: 
    Դա մի մեծ խանութ էր,որ գտնվում էր փողոցի ծայրում: Մայթերը ծածկված էին սպիտակամոխրագույն ձյունով,իսկ փողոցներն այնքան սառած էին,որ թվում էր,թե մեքենաները դուրս են եկել գեղասահքի մրցույթի:Այդ փոքրիկ խանութն ասես փողոցանման տոնածառի միակ խաղալիքը լիներ`պայծառ,վառ ու գունավոր: Խանութի ներսում այնքան տաք էր,որ աշխարհի բոլոր մրսածներին կջերմացներ:Պատերին զանազան նկարներ կային,իսկ դռան մոտ`ցանկությունների ու բարեմաղթանքների արկղ էր դրված,ու մարդիկ,որ թվում էր,թե դադարել էին հավատալ հրաշքների`թաքուն գրում էին իրենց ցանկություններն ու գաղտնի նետում արկղի մեջ:Խանութի առաստաղից գույնզգույն լամպեր էին կախված,որ ասես աստղեր լինեին:Դրանք այնքան շատ էին,որ արևի կամ լուսնի կարիքն առանձնապես չէր էլ զգացվում: Ինչ-որ անհասկանալի անկյունից երաժշտության ձայն էր լսվում.դա սովորական նվագարկիչ չէր,այլ` թռչնի բնի պատկերով ինչ-որ սարք, ու այնպիսի տպավորություն էր,որ աշխարհի բոլոր թռչունները երգում էին քեզ համար: Ժպտալու ու այդ ամենով հիանալու համար առանձնապես գումար հարկավոր չէր`կարող էիր պարզապես մեկ րոպեով ներս մտնել ու հավատալ հրաշքներին,իսկ հետո առանց որևէ բան գնելու դուրս գալ:Այդպիսի դեպքեր սովորաբար չէին գրանցվում:200 դրամանոց աղավնիները նույնքան գեղեցիկ ու կախարդական էին,որքան թանկարժեք ձիերի կառքը,որ անընդհատ շրջանաձև պտույտներ էր կատարում: Կային մարդիկ,ովքեր այդ խանութ էին գալիս անվճար թեյի համար ու իրենք էլ չէին նկատում,թե ինչպես հանկարծ տաքացան` առանց թեյի:Միակ խնդիրն այն էր,որ խանութի դռները գիշերները փակվում էին,ու հեքիաթը ժամանակավորապես ստորակետներով էր լցվում,իսկ առավոտյան գրվում էր հեքիաթի շարունակությունը: 
   Դարչնագույն,երկար մազերով աղջիկը,որ անշարժ կանգնել էր խանութի կենտրոնում,նայում էր շփոթված մարդկանց,որ խանութի մի ծայրից մյուս ծայրն էին վազվզում,ու ժպտում:Ամանորին դեռ 2 օր կար,բայց նրանց թվում էր,թե էլ չեն հասցնի նվերներ գնել, ու ինչ-որ մեկը նրանցից շուտ կգնի ամենալավ նվերը: Գեղեցիկ զգեստներով ու արհեստականորեն պճնված կանայք,պսպղուն աչքերով նայում էին թանկարժեք սպասքին,իսկ տղամարդիկ`հուսահատ ու հոգնած դեմքերով,ճռճռացնում էին դրամապանակները:Դեղին վերարկուով երիտասարդ աղջիկը ,խորասուզված հայացքով զնննում էր փղոսկրից պատրաստված կախազարդը,իսկ նրան ուղեկցող գանգրահեր երիտասարդը պատկերացնում էր,թե որքան գեղեցիկ այն կնայվեր աղջկա բարակ,երկար վզին`ընդգծելով դրա ճերմակությունն ու նրբությունը: Աղջիկը նայում էր բազմագույն ամբոխին ու մտածում,որ մարդկանց ամեն օր մի քիչ Ամանոր է պետք `երջանիկ լինելու համար:
  Խանութի անկյունում նվերների փաթեթավորման կետ կար:Այն լի էր զանազան արկղերով,թղթերով,տոպրակներով ու ժապավեններով: Թղթերի ճռճան ձայնն ու մկրատի խրթոցը ձուլվում էին աղմուկին ու արտասովոր նախատոնական տրամադրություն ստեղծում: Փաթեթավորողները երկու կանայք էին:Մեկը` նիհար էր,շիկահեր,իսկ մյուսը`մի քիչ թմբլիկ,կարմիր այտերով ու նույնքան կարմիր մազերով: Նրանք այնքան արագ էին աշխատում ու այնքան գեղեցիկ փաթեթավորում,որ թվում էր,թե Ձմեռ Պապն անձամբ էր նրանց ուղարկել: Վայրկյանների ընթացքում շարֆերը,գրքերն ու մյուս նվերները այնպես էին կերպարանափոխվում,որ դժվար թե գտնվեր որևէ մեկը,ով հեշտությամբ կկռահեր,թե ինչ է թաքնված թղթերի հետևում:Նվերներն այնքան գեղեցիկ էին ,որ հաստատ կգտնվեին մարդիկ,ովքեր կորոշեին չբացել նվերը`վախենալով,որ փաթեթավորումն ավելի գեղեցիկ ու յուրահատուկ կլիներ,քան բուն նվերը:
   Ամեն ինչ այնքան կատարյալ էր,այնքան երազային,որ աղջիկը մի պահ մոռացել էր,թե ինչու էր հայտնվել այդտեղ:Նա արթնացավ,երբ մի պարոն պատահաբար յուր կոշիկի հետքը թողեց աղջկա սև ու կոպիտ կոշիկների վրա:Ապա մի կին հրեց նրան ու արհամարհական ժպիտով զգուշացրեց,որ խանգարում է մարդկանց անցուդարձին:Աղջիկն առաջ երբեք այդքան շփոթված չէր եղել:Նա հանկարծ նկատեց,թե ինչպես էր շունչը կտրվում`վերջնական որոշում չկայացնելու պատճառով:Գուցե այս ամենը սխա՞լ է,գուցե կարիքը չկա,գուցե ֆրանսիական ֆիլմերն այնքան լավը չեն,որքան թվում են ու պետք չէր դրանք չարաշահել:Ի՞նչը աղջնակին ստիպեց այդպիսի որոշում կայացնել:Նրա կապտադեղին աչքերին նայելով ամենը խոստովանելը շատ ավելի հեշտ կլիներ,քան այս Շերլոքյան արկածն իրականացնելը:Վստահ էր,որ դեպրեսիայի հետ մենակ մնացած արև տղան այդ ժամանակ ամենից քիչ դրան էր սպասում,որ այսպիսի բաներ սովորաբար ֆիլմերում են լինում, և որ ինքն իրավունք չունի որևէ մեկին պատմել սրա մասին, ու այս ամենը նրան հաճելի խելագարության էր հասցնում:
     Նա ձեռքը տարավ պայուսակին ու դուրս հանեց ուղղանկյուն,սառած հրաշքը:
 Ես պարզապես ուզում եմ,որ նա երջանիկ լինի ու ժպտա,- մտածեց աղջիկն ու մոտեցավ սեղանին:
-Ողջույն,-ժպիտով ասաց կարմիր մազերով կինը,որ քաղցր բալի էր նման:
-Բարի օր:Ես...ես...ես...ես ուզում եմ,որ...,-մի կերպ կմկմաց աղջիկը:
-Թ՞ուղթն եք գնում,թ՞ե փաթեթավորում եք այստեղ:
-Դե...հավանաբար...երևի..ես կարծում եմ,որ....չգիտեեեմ...գրողը տանի:
-Դուք ձեզ լա՞վ եք զգում:
-Իսկ ես ինձ ինչպե՞ս պետք է գամ:Ես...ես...ես լավ եմ:Իսկ մ՞իթե դա կարևոր է:Իսկ նա՞:Ի՞նչ կզգա,երբ այս ամենը տեսնի:Հեքիաթը կավարտվ՞ի,թ՞ե մենք միասին կշարունակենք այն:Իսկ գուցե նոր հեքիա՞թ գրենք:
   Մարդիկ այնքան տարված էի ամանորյա հեքիաթով,որ չէին էլ նկատում աղջկա տարօրինակությունները:Միակ մարդը,ով անհանգստանում էր աղջկա համար բալենին էր/այսպես էր աղջիկը անվանել վաճառողուհուն`նրա կարմիր մազերի պատճառով/: Դուռը վայրկյանը մեկ բացվում էր ,ու դրսի սառնամանիքը արագորեն ներս էր սողոսկում,բայց աղջիկը շարունակում էր ոչինչ չզգալ:Նրա մազերը բիզ-բիզ կանգնելու չափ էլեկտրականացել էին,իսկ աչքերը`աննպատակ սառչել պատից կախված նարնջագույն ժամացույցի վրա:
"Sans toi, les emotions daujourdhui ne seraient que la peau morte des emotions dautrefois/without you todays emotions would be the scurf of yesterdays/,-մտածեց աղջիկն ու համոզվեց,որ ֆրանսիական ֆիլմերի հարցում չափն անցել է:
  -Գուցե ձեզ թեյ հյուրասիրե՞մ:Ձեր փոխարեն չէի շտապի հրաժարվել:Դարչինով է,այնպես անուշ է բուրում,ու այնքան տաաաք է: Դուք հավանաբար սառչել եք:Հավատացնում եմ,որ այն ձեզ տեղը տեղին կտաքացնի:Այս տարի սաստիկ ցուրտ է :Վախենամ,թե 2014-ն էլ այսքան ցուրտ լինի:Քիթդ դուրս հանես թե չէ` կկտրվի ցրտից:Տաք չհագնվելն ու հատկապես ձեռնոց չդնելն ընդհանրապես հանցագործություն է:Ձեռքերդ այնպես են կարմրում,ասես ամաչում են ինչ-որ բանից,կամ ինչ-որ մեկից: Հա-հահ-հա-հա: Օհ,ես երևի շատ եմ խոսում:Գիտեմ,որ չափն անցա ու հոգնեցրի ձեզ,բայց դուք այնքան գունատ եք,որ ես ուղղակի չգիտեմ,թե էլ ինչ կարող եմ անել:
-Շնորհակալ եմ հոգատարության համար,բայց դրա կարիքը չկա,օրիորդ բալ....էէէ,ուղղակի օրիորդ:
-Օրիորդ Բալ,ինձ դեռ ոչ ոք այդպես չէր անվանել:Օրիորդ բալ:Մի՞թե ես բալի պես քաղցր եմ:Մեր այգում, գարնանը,բալենիներն այնքան գեղեցիկ են ծաղկում,իսկ հիմա դժվար է կռահել,թե որը որ ծառն է. բոլորն ասես ձյան ծառեր լինեն,ձյունենիներ:Ձյունենիներ,վատ չի հնչում,այնպես չէ՞:
 - Ձյունենիներ,-կրկնեց աղջնակն ու ժպտաց:
-Բալենի,ես բալենու պես գեղեցիկ եմ:Բալենի,ձյունենի,ձյունենի,բալենի,- անդադար կրկնում էր Բալենին ու երեխայի պես ծիծաղում:
-Ես ուզում եմ խնդրել,որ փաթեթավորեք սա:
-Հապա տեսնեեենք: Ի՞նչ է սա: Մեկ վայրկյան:Աստվաաաած իմ,մազերս սարսափելի տեսք ունեն: Ճյուղերի տերևները խառնվել են իրար,հարդարել է պետք ու այն էլ շտապ:Ինչ՞ու ոչ-ոք ինձ չի ասել այդ մասին:Ծիծաղելի չէ:Մի այս բշտիկին նայեք,այ թե ժամանակ գտավ հաա:Հիմա ես ի՞նչ եմ անելու:Միայն չասեք,որ գալիք տարում ես բշտիկավոր եմ լինելու:Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել:Ես դեռ 2 օր ժամանակ ունեմ,12 զանգերի ժամանակ սրա հետքն անգամ չի լինի: Ահ,ես նորից չափն անցա: Գիտե՞ք,թե ձեզ ինչ կասեմ` կան մարդիկ,ովքեր լռում են իրենց երջանկության մասին,ոմանք էլ անդադար խոսում  են,որ չնկատեն ու չզգան դրա բացակայությունը:
- Կամ էլ նայում են երջանկության աչքերին ու շարունակում ոչինչ չտեսնել:
-Ճիշտ հեքիաթի անխելք հերոսի պես : Օրինակ ես նվերներ եմ պատրաստում ու փաթեթավորում ու այդպիսով երջանկացնում մարդկանց:Ինչ էլ որ նվիրես`գեղեցիկ փաթեթավորումը միշտ ստիպում է ժպտալ:
-Ես էլ հենց դա եմ ուզում:Թող նա ժպտա ու երջաանիկ լինի:
-Լսիր,դու բարի մարդուկ ես երևում:Իսկ սա ու՞մ համար է:Ենթադրում եմ,որ մայրիկիդ ես նվիրելու:
-Չէ,սխալվեցիք:
-Դե ուրեմն` քույրիկի՞դ:Եթե երիտասարդ է,մի քիչ անշուք է,դե այսինքն հասարակ,հասկանում ես էլի:Մի նեղացիր,ես ուղղակի անկեղծ եմ:Երիտասարդ աղջիկները զիզի-բիզի բաներ են սիրում,իսկ սա շատ հասարակ է:
-Մի փորձիր կռահել,չի ստացվի:
-Դե,էլ տարբերակ չմնաց:Հորաքու՞յր,տատի՞կ,զարմուհի՞,ընկերուհի՞:Ներիր,որ այսքան հետաքրքրասերն եմ,բայց շատ եմ ուզում իմանալ:Կարող ես չասել,եթե չես ուզում,ես կհասկանամ:
-Արևի տղային եմ նվիրելու:Ուզում եմ,որ հնարավորություն ունենա մշտապես հիանալ իր ամենակատարյալ դիմանկարով ու ժպտա:
-Այնուամենայնիվ երբեմն խոսքերի կարիք չկա:Ես ինքնակամ կլռեմ:
-Շնորհակալ եմ,որ հասկացար:
-Ի՞նչ գույնի թուղթ ես ուզում:
-Կապույտ,իր նման կապույտ:
-Ցնդել կարելի է:
-Խորը,հակասական,կատարյալ:
   Բալենին կապույտ թղթով փաթաթեց նվերն ու նայեց շփոթված աղջկան,ով հիմա համեմատաբար ավելի հանգիստ էր:
-Բանտի կարիք կա՞:
-Իհարկե:Չեմ ուզում,որ սովորական բանտ լինի:Թող պարզ ու նուրբ,բայց միևնույն ժամանակ արտասովոր բանտ է հարկավոր:
-Հիմա հասկանում եմ,թե ինչու հրաժարվեցիր թեյից:
-Թող նրա գույներից մեկը ունենա:
-Լսիր,քո այդ ՆԱ-ն,ինչ է ,ծիածան է:
-Մոխրագույն ամպի տեսքով:Ինքն էլ չգիտի,թե ինչքան գունավոր է ,ու,թե,որքան երջանիկ է ծիածանը,որ կողքին այդպիսի ամպ ունի:
-Դու այն ժամանակ ասացիր Արևի տղա չ՞է:Գուցե դեղի՞ն:
-Չէ,չէ,չէ,չէ:Ես ի՞նչ եմ անելու,եթե նա գլխի ընկնի,եթե ամեն ինչ հասկանա:Իսկ նա կհասկանա՞ արդյոք: Մենք անգամ կարգին ընկերներ էլ չենք:Նա ինձ չի էլ ճանաչում:Ես ասացի չի ճանաչու՞մ:Իսկ գուցե նա ինձ ճանաչում է, այնպես,ինչպես ես` նրան:Գրողի ծոցը թող գնա:Նա ոչ ոք է,ոչ ոք:Կարիք չկա մտածել մեկի մասին,ով այնքան հիմար է,որ ոչինչ չի նկատում:Ես...ես...ես չգիտեմ,թե ինչի՞ և կամ ու՞մ համար է այս ամենը:Ի՞նչ եմ ես անում ինձ հետ,նրա հետ,մեզ հետ:Ի՞նչ կլինի սրանից հետո:
-Ցանկացած մեկը նրա փոխարեն երջանիկ կլիներ,ազնիվ բալենու խոսք:
-Երջանիիիկ:
-Ժամանակն է ,որ որոշես ժապավենի գույնը:Որոշողը դու ես,ես քեզ ոչինչ չեմ ստիպում ու դրա իրավունքն էլ չունեմ,բայց կարծում եմ,որ դեղինից ճիշտ տարբերակ չկա:
- Ձեռքեր:Արևի լույսը ընկնում էր դրանց վրա,ու թվում էր,թե մարմարից են:Դրանք սկզբում անգույն էին:Հետևում նրանց ներաշխարհն էր պատկերված թղթի վրա:Ու նրանք հանդիպեցին:Դա սովորական վայրում չէր,այլ`նրանց աշխարհում:Նրանք հանդիպում էին գիշերը,իսկ ցերեկը`նրանց թվում էր,թե այդ ամենը երազ էր:Նրանք վախենում էին իրենց զգացմունքներից,որ դեռ շատ հեռու էին սեր կոչվելուց ու պարզապես փոքրիկ սաղմեր էին:Հայացքներ,ժպիտներ,ծիծաղ...իրականությունը սարսափեցնում էր նրանց:
-Մեկուրիշն իմ փոխարեն արդեն շտապ օգնություն կանչած կլիներ ու դու  հիմա նստած կլինեիր սպիտակ պատերով հիվանդասենյակում:Քեզ քո Բալենին է փրկում,տես,հետո չմոռանաս:
 -Իմ Բալենին,-զարմացած կրկնեց աղջիկը:
-Քո այդ կանաչ վերարկուն ինչ է,ֆոտոսինթե՞զ է իրականացնում:Իսկ այդ գունավոր գլխարկդ ասես ծաղիկ լինի:Ընդհանրապես,դու ինչ-որ արտասովոր ծաղկի ես նման,միայն մազերդ են թեմայից դուրս:Պահոոո,ինչ էլ երկար են:
-Գուցե սև՞,սպիտա՞կ ,մոխրագու՞յն:Չէ մոխրագույն չէ,հաստատ չէ:
-Ես իհարկե քեզ չեմ հասկանում,ու դժվար,թե գտնվի մեկը,ով կհամարձակվի ասել,որ հասկանում է քեզ,բայց երկուսս էլ գիտենք,որ դեղինը ամենալավ տարբերակն է:
- Դեղին:
-Չգիտեմ,թե ինչ ես մտածել,բայց,եթե կարողացել ես մտքովդ այսպիսի բան անցկացնել,ապա գույնից փախչելն անմտություն է :
-Սա գունային փախուստ չէ,այլ`ինքնափախուստ:
- Դա կոչվում է ինքնախաբեություն,անուշիկս:Այ,եթե հիմա ասեմ,որ ես բարակիրան ուռենի եմ,ո՞վ կհավատա ինձ:
-Գուցե դու ինչ-որ մեկի համար ուռենի ես,որ կաս:
-Փիլիսոփայելը վատ չէ,բայց ոչ քո դեպքում ու հիմա:
-Դեղին:Ես համաձայն եմ:
-Օհ,քեզ հետ,բարդ է,բայց ոչ անհնար:
     Մինչ աղջիկը,փորձում էր սեփական ֆրանսիական ֆիլմը նկարել,ծնողները  համոզված էին,որ իրենց աղջիկը թեյում է ընկերների հետ:Ընկերներն իրենց հերթին կարծում էին,թե ծնողները արգելել են տանից դուրս գալ`վերջին ցույցերին առանց թույլտվության մասնակցելու պատճառով:Նա երբեք այդքան շատ սուտ չէր խոսել,որովհետև չկար մեկը ում համար կարելի էր ստերի մի ամբողջ տոպրակ հորինել:
    -Հեյ,տարօրինակ ծաղիկ,հերիք է շշմես:Նվերդ արդեն պատրաստ է :
-Էլ հետդարձի ճանապարհ չկա:Հուհ:
-Նա երջանիկ մարդ է,անգամ,եթե գաղափար չունի այդ մասին:
-Ինչու՞,ինչո՞վ:
-Քեզնով:Այլևս կարիք չունի երազել սիրված լինելու մասին:
-Դու այնքան բարի ես,Բալենի:
-Քո այդ Բալենին ինձ այնքան դուր եկավ,որ արդեն չեմ էլ ուզում ասել անունս:
-Գեղեցիկ է,ասես երկնքում ծաղկած երիցուկ լինի:
-Երիցուկ,ինչպես չէի մտածել:Դու երիցուկն ես,նա`երկինքը:
 Աղջիկը բազմանշանակ ժպտաց ու պայուսակից հանեց դրամապանակը:Նա չէր էլ նկատել,որ արդեն մի քանի ժամ է կանգնած էր փաթեթավորման սեղանի մոտ: Խանութը կամաց-կամաց դատարկվում էր:Մոտենում էր դռները փակելու ու ստորակետների ժամանակը:Սպիտակ,սարոյանական բեղերով պապիկը անջատեց երաժշտությունը:Րոպեներ անց նաև լույսերը կանջատվեին: Նա հրաժեշտ տվեց Բալենուն ու դուրս եկավ խանութից:
 Փողոցում արդեն մութ էր:Աղջնակը հիանում էր երկնքում վառվող կապտերներով:Ձյան խրթխրթոցը վկայում էր հերթական ոտնակնիքի մասին:Ցուրտն այլևս տանելի էր: Երկինքն ու երիցուկն ամուր բռնած`նա քայլում էր դեպի տուն,ու թեյախմության մասին ստեր հորինելով,մտածում  ինչ-որ կարևոր մեկի ու իր ֆրանսիական ֆիլմի շարունակության մասին.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել