download

Վերջերս մի առիթով զրուցում էի մի ուսուցչի հետ, ով երեսուն տարուց ավել աշխատել է դպրոցում: Ես ցնցված մնացի նրա կերպարով, նրա տեսակով և նրա անցած ուղով: Ուսուցիչ, ով պատերազմի ժամանակ աշխատելով դպրոցում, ամբողջ շաբաթը դասավանդում էր խտացված ժամերով, ստանում էր ամսեկան ընդամենը երկու հազար դրամ: Ի՞նչ կարող է մարդ անել մեկ ամիս երկու հազար դրամով: Երկու շաբաթ հաց չի կարող գնել անգամ: Սակայն նա դա անում էր կամավոր: Հավատացեք, ուսուցիչը, ով աշխատում էր դպրոցում երկու հազար դրամով, նա կարող էր այդ էլ չստանալ, բայց աշխատեր:

Եվ կարո՞ղ եք պատկերացնել. Այդ նույն ուսուցիչը հիմա, երբ պատերազմի ավարտից անցել է արդեն 20 տարի, ստանում է ընդամենը երեսուն հազար դրամ աշխատավարձ` նվազագույն աշխատավարձից էլ ցածր:

Այն հարցին, թե ինչպես էիք կարողանում երկու հազար դրամով աշխատել ու ապրել, նա պատասխանեց. «Ինչպե՞ս, ինչպե՞ս էս նման բան հարցնում: Երկիրը պատերազմի մեջ էր: Պատկերացնում ես, եթե մենք հրաժարվեինք դասավանդել, եթե երեխաները մնային առանց կրթության, ինչպես պետք է անկիրթ սերունդով երկիր գոյատևեր: Մի երկիր, որը դեռ նոր էր անկախացել, որը երեխայի պես ասես նոր կյանք էր մտնում: Ես ինձ զգում էի պատերազմի մասնակից. իմ զենքը իմ գիտելիքն էր, որ առատորեն տալիս էի երեխաներին: Պատկերացնո՞ւմ ես` թուրքը ինչպես կուրախանար, երբ իմանար` հայի զավակը ուսուցիչ չունի»:

Երբ նա խոսում էր, ես հասկանում էի, որ գործ ունեմ իսկական ազգի հերոսի հետ: Նաև հասկացա, որ մենք այսօր դեռ շատ ունենք նման թաքնված հերոսներ:

Երբ նրան հարցրի` ի՞նչ էիք մտածում պատերազմի ժամանակ մեր երկրի ապագայի մասին, նա ասաց. «Մտածում էի, եթե եկել է այն օրը, որ դարեր անց արևն է նորից ծագել մեր երկրում, որ այսքան արագ անկախացանք և տարածքային ձեռքբերումներ ունեցանք, ապա դրանք կշարունակվեն: Մտածում էի, որ դեռ մեր տարածքները շարունակ կմեծանան, որ կունենանք հզոր երկիր` թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր առումներով, սակայն երբեք չէի կարծի, որ մենք` ուսուցիչներս, երբ ցուրտ տարիներին մոմի լույսի տակ տետրեր էինք ստուգում, կազմում և գրում հայրենասիրական միջոցառումների սցենարներ և երեխաներին հոգևոր լիցք հաղորդում, այդ նույն ժամանակ մեծանում էր ազգի կղանքը` լֆիկների, սաշիկների և մյուս նման անբարոյականների տեսքով»:

Նրա ամենաազդեցիկ բառերը սրանք եղան. «Այսօր ուզում եմ մի սցենար գրեմ, կազմակերպեմ մի միջոցառում, ուժս չի հերիքում, հայրենասիրությունը իմ մեջ էլ է այրվել, չեմ կարողանում ներել նրանց, ում ապագայի համար մենք կյանք էինք տալիս, իսկ նրանք իրենց ապագայում անտեսեցին մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել