Գիշերվա կեսին չքնել:
Ամբողջ օրը փակել աչքերն ու միայն գիշերը կարողանալ տեսնել, հասկանալ, մտածել, զգալ:
Նայել միագույն շենքի պատուհաններին, որոնցից ոչ մեկ վառվող լույս չի նշմարում, ու մտածել այն պատուհանի մասին, որ շատ հեռու է քեզնից և որտեղ լույսը դեռ երկար է վառ մնալու:
Մենակ մնալ նրա ու քո եսերի հետ:
Տեսնել նրան քո ներսում ու ժպտալ:
Ամուր գրկել նրա ստվերն ու շնչահեղձ լինելու չափ բաց չթողնել:
Նայել երկնքին ու հասկանալ, որ ամենագեղեցիկ աստղը քո ներսի երկնքում է:
Զգալ ձմեռային, ձյունախառն, սառը քամին, ու համեմատել նրա տաք շնչի հետ:
Սառչել:
Միաձուլել քո և նրա աշխարհները:
Նրան քո աշխարհ բերել:
Ընտելացնել նրան, անգամ, եթե երբեք չընտելացնի քեզ, չհասկանա, չիմանա, չզգա:
Կում-կում խմել տաք կակաոն ու չտաքանալ:
Թքած ունենալ բոլորի ու ամենի վրա և ապրել բոլորից մեկով`քո բոլորով:
Մոռանալ աշխարհը, մարդկանց, ինքդ քեզ ու միայն նրան հիշել:
Վախենալ կախվածությունից:
Կախվածության մեջ ընկնել կախվածությունից:
Զգալ կախվածության ազատությունը:
Պատռել նոթերդ ու վախենալ թղթից ու գրչից, վախենալ մտածելուց, գրելուց, զգալուց:
Շնչել`կտրուկ դադարներով, վախվելով, շնչել նրան:
Նայել դատարկ փողոցին ու փնտրել մեկին, ով երբեք այդ փողոցով չի անցել ու չի անցնի:
Խավարի մեջ ստվերներ գտնել ու լուսավորվել:
Վայելել լուսավոր ու տաք գիշերը`միայնակ վայելել:
Երջանկանալ ոչնչով, ոչնչից ու ոչնչի համար:
Զգալ, որ երբեք այսպիսի տաքություն չէիր զգացել, զգալ նրան:
Նրան տաքացնել չկարողանալու անզորությունից մրսել:
Կարոտել նրան, ով վստահ է , որ ոչ ոք իրեն չի կարոտում:
Սիրել նրան, շատ սիրել:
 Ցավեցնելու աստիճան մենակություն զգալ ու երազել նրա մենակությունը կիսելու մասին:
Անզգայանալ, սառչել, դողալ:
Նայել երկնքից կախված սպիտակ լամպին ու ժպտալ:
Մտածել քո մասին չմտածողի մասին:
Վախենալ լույսից ցնորվելուց:
Նայել երկնքին ու երկինք չտեսնել:
Աստղերը կուլ տալ, երկինքը գրկել:
Կակաոն կիսատ թողնել ու հասկանալ, որ բաժակդ քեզ պես մենակ է :
Գիշերային սառնություն զգալ, մրսել նրա հետ, նրանից նրանով:
Խոսել նրա հետ ու այդպես էլ պատասխան չլսել:
Տեսնել արևի առաջին ճառագայթները:
Գիշերը չքնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել