Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

Այսօր թերթերից մեկում կրկին միակողմանի հրապարակում է տպագրվել Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի «ապօրինությունների» մասին։ Ես մեկ անգամ արդեն այդ թեմային անդրադարձել եմ և մանրամասների վրա կանգ չեմ առնի։ Սակայն ինձ մեկ այլ բան է զարմացնում։ Ինչպե՞ս կարելի է զրուցել քաղաքացու հետ, հրապարակում պատրաստել միայն նրա խոսքերի վրա, մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցնելով, և չփորձել անգամ կապ հաստատել մյուս կողմի հետ, լսել նաև նրա տեսակետը։ Որքան գիտեմ, երկու կողմի տեսակետը ներկայացնելը լրագրության տարրական և ամենակարևոր կանոններից է։ Եթե սա լիներ առաջին դեպքը, միգուցե համարեի, որ ուղղակի անփութություն է։ Սակայն նույն լրատվամիջոցը, նախանձելի համառություն դրսևորելով, պարբերաբար ցեխ է շպրտում մեր և ուրիշների ուղղությամբ՝ առանց իրեն նեղություն տալու` գոնե փորձել լսել մյուս կողմի կարծիքը։ Մեր աշխատակազմի և անձամբ ինձ հետ շփված բոլոր լրագրողները գիտեն, որ մենք առավելագույնս բաց ենք աշխատում։ Չի եղել մի դեպք, երբ լրագրողը որևէ հարցով դիմի մեզ և պատասխան չստանա։ Անգամ այն դեպքերում, երբ հարցի հասցեատերը մենք չենք լինում, փորձում ենք օգտակար լինել։ Ի վերջո, նույն ֆեյսբուքում ամեն ինչ հրապարակային է. լինում են բողոքներ, դիտողություններ, առաջարկներ, հարցեր և դրանցից ոչ մեկն անարձագանք չի մնում։ Մեզ համար չկան «յուրային» և «ոչ յուրային» լրատվամիջոցներ. բոլորի հետ էլ սիրով և պատրաստակամությամբ աշխատում ենք։ Պարզապես, ինչպես ժողովուրդն է ասում, մարդու մտքին պետք է տեղ լինի՝ կապ հաստատել և հարցնել։ Իսկ կոնկրետ տվյալ լրատվամիջոցի վարքագիծն ու նպատակը, մեղմ ասած, անհասկանալի է։ 
Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ ԶԼՄ-ների մեծ մասը նորմալ է աշխատում։ Օրինակ, քիչ առաջ ինձ զանգահարեց ամենաընդդիմադիր թերթերից մեկի թղթակիցն ու այդ հրապարակման վերաբերյալ նորմալ մեկնաբանություն խնդրեց։ Տեղեկացավ`խնդիրն ինչումն է, իմացավ, որ տվյալ քաղաքացու հետ զրուցել եմ, և խնդիրը հարթված է։ Իհարկե, ամենասկզբում նշածս լրատվամիջոցին շարունակությունը արդեն հետաքրքիր չի։ Դա արդեն իրենց խնդիրն է։ Կրկին շեշտեմ, որ մենք բաց ենք աշխատում, թաքցնելու ոչինչ չունենք։ Եվ եթե նպատակը ոչ թե վարկաբեկելն է, այլ ընթերցողին սպառիչ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելը, ապա լրագրողը մեզնից և անձամբ ինձնից կարող է ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները` օրվա ցանկացած ժամին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել