Իրանի իշխանությունները շարունակում են նավթի արտահանում իրականացնել՝ չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրված գլխավոր լիցենզիայի գործողության դադարեցմանը, որը թուլացրել էր ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նավթային ոլորտի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
«Նավթի նախարարությունն արդեն երկար տարիներ կառուցում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել ամերիկյան անարդար պատժամիջոցների հետևանքները։ Քանի որ նավթի անխափան արտահանումն ապահովելու համար նախատեսված մեխանիզմները պահպանված են, իրանական նավթի արտահանումը շարունակվում է նախկին ռեժիմով»,- նրա խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։
Փաքնեժադը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել նախկինում մշակված բոլոր մեխանիզմներից, քանի որ ակնկալում էր, որ Վաշինգտոնը չի պահի իր խոսքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դադարեցրել է հունիսին տրված գլխավոր լիցենզիայի գործողությունը, որը մինչև օգոստոսի 21-ը թուլացրել էր Իրանի նավթային ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները, և արգելել է նոր գործառնություններն այդ ոլորտում։