օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:
Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:
Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ է մետաղադրամներ (գյափիկ – ռուսերեն копек բառից) ու թղթադրամներ (մանաթ – ռուսերեն монета բառից) թողարկել:
Ադրբեջանական մանաթը շրջանառության մեջ է մտել 1992-ին, իսկ 1994-ի հունվարի 1-ից դարձել է Ադրբեջանի տարածքում վճարման միակ օրինական միջոցը, քանի որ խորհրդային ռուբլին հանվել է շրջանառությունից: Մանաթին զուգահեռ շրջանառության մեջ է մտել դրա մանրադրամը՝ գյափիկը (1 մանաթը հավասար է 100 գյափիկի), որը թողարկվել է մետաղադրամի տեսքով:
Գյափիկի առաջին նմուշները՝ 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամները, թողարկվել են 1992-1993 թթ.: Դրանց վրա Ադրբեջանի քարտեզը չի եղել (տես ստորեւ):

Գյափիկի երկրորդ թողարկման նմուշները շրջանառության մեջ են մտել 2006-ի հունվարից եւ կիրառվում են մինչ օրս: Թողարկվել են 1, 3, 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամներ: Սրանց դիմերեսին պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որի վրա, սակայն, առանձնացված չեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին ձեւավորված անկլավները:
Այլ կերպ ասած՝ Արծվաշենը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, իսկ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Հայաստանի տարածքից (տես ստորեւ):

Ինչ վերաբերում է ադրբեջանական մանաթին, ապա սրա առաջին նմուշները թողարկվել են 1992-2001 թթ. (շրջանառության մեջ են եղել 1, 5, 10, 50, 100, 250, 500, 1.000, 10.000 եւ 50.000 մանաթ արժեքով թղթադրամներ): Սրանց վրա, ինչպես առաջին թողարկման գյափիկների վրա, քարտեզ չի եղել:

2005-ից շրջանառության մեջ են մտել նոր նմուշի թղթադրամներ, որոնք կիրառվում են մինչ օրս: Սրանց բոլորի դարձերեսին առկա է Ադրբեջանի քարտեզը:
Ընդ որում՝ 2005-2018 թթ. տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50, 100, 200 մանաթ արժեքով թղթադրամներ) քարտեզների վրա անկլավները երեւում են: Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի տարածքից առանձնացված է Արծվաշենը, Հայաստանի տարածքից՝ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն, իսկ Տիգրանաշենը ներկայացված է իբրեւ Հայաստանի մաս (առանձնացված չէ):

Փաշինյանը ամսի 9-ի իր հայտարարության մեջ նկատի է ունեցել հենց այս նմուշները, սակայն նա կա՛մ լրագրողներից եւ հանրությունից միտումնավոր թաքցրել է, կա՛մ անտեղյակության հետեւանքով չի բարձրաձայնել այն փաստը, որ 2020-ին եւ դրանից հետո թարմացված դիզայնով թղթադրամների վրա Արծվաշենը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս:
Այսպես՝ 2020-ին եւ դրանից հետո տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50 եւ 100 մանաթ արժեքով թղթադրամներ), որոնց ավելացել է նաեւ 500 մանաթանոցը (տպագրվել է 2021-ին, դիմերեսին ու դարձերեսին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունն է), ոչ միայն Արծվաշենը ձուլվել է Ադրբեջանի տարածքին եւ չի երեւում որպես անկլավ, այլեւ, ի տարբերություն նախորդ նմուշների, Հայաստանի տարածքում որպես անկլավ առանձնացվել է Տիգրանաշենը, իսկ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն գրեթե բոլոր նմուշներում (բացառությամբ 2021-ին տպագրված 20 մանաթանոցի) ներկայացված են ոչ թե որպես անկլավ Հայաստանի ներսում, այլ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունեցող տարածք:Ավելին՝ սկզբնաղբյուրում։



