Կատարցի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ խորհրդակցություններն անցկացվում են Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ։ Դրանց գլխավոր նպատակը ավելի լայն երկխոսության շարունակման համար պայմանների ստեղծումն է, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ ամերիկա-իրանական հուշագրի իրականացման քննարկումը։

Բացի այդ, կողմերը մտադիր են կարգավորել վերջին էսկալացիան հրահրած խնդիրները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման շուրջ տարաձայնությունները, հավելել է գործակալության զրուցակիցը։

Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնել փորձող առևտրային տանկերների վրա կատարված հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ը մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ի պատասխան՝ Թեհրանը հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել