Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ: Քանի որ քոլեջում դեմ են եղել նրա նշանակմանը, խոշորացույցի տակ են առել բոլոր քայլերն ու որոշումները, եւ աշխատողներն ասում են, որ Կոլյանի ամուսինն այդ ամսին աշխատանքի չի գնացել, սակայն Ամանորի նախաշեմին աշխատավարձի հետ միասին իրենց հետ նաեւ պարգեւավճար է ստացել: Նաեւ պատմում են, որ տնօրենը, առանց կառավարման խորհրդի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է՝ 570 հազար դրամ է ստանում: Նրա մայրը՝ Միրզոյան Ալվարդը, որը 78 տարեկան է եւ երկար տարիներ աշխատել է քոլեջում, աղջկա նշանակվելուց հետո այլ աշխատանք էլ է կատարել, եւ այդ հաստիքի աշխատավարձն էլ է գումարվել հիմնական աշխատավարձին: Քոլեջին պատկանող ծառայողական «Նիվա» ավտոմեքենան տնօրենը չի օգտագործել, ուղղակի քոլեջի կողմից ձեռք բերված բենզինով իր մեքենան է լիցքավորել եւ օգտվել դրանից:
«Հրապարակ»-ը Արմինե Կոլյանին հարցրել է՝ իսկապե՞ս նրա այրը և ամուսինը քոլեջում են աշխատում։
«Այո, մայրս ագրոնոմ է, 50 տարի է արդեն, որ աշխատում է քոլեջում, դասախոս է: Ամուսինս իմ վարորդն է: Երբ ես նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այդ ժամանակ էլ ամուսինս եղավ իմ վարորդը: Մենք այնպիսի տեղ ենք ապրում, փոքր քաղաքում ենք ապրում, անընդհատ ուրիշ տղամարդու կողքին նստել, միգուցե մի քիչ հետամնաց բան եմ ասում, բայց ավելորդ խոսակցություններ որպեսզի չլինեն, որպեսզի ես ավելի ազատ լինեմ, երբ ուզեմ, որտեղ ուզեմ գնալ աշխատանքային այցով, միասին գնանք»:
Հարցին՝ ծառայողական մեքենայո՞վ եք գնում, նա պատասխանել է. «Քոլեջն ունի մեքենա, այդ մեքենան անսարք է, գտնվում է տեխնիկական սպասարկման կենտրոնում: Այս պահին օգտագործում եմ իմ մեքենան»:



