Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալիորեն նվազում է տեղումների քանակը։ Նման մանրամասներ է հրապարակում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշում է՝ 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C, իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 126 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025 թթ․ժամանակահատվածում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով։



