Panorama.am-ը գրում է․

«Հերթական սարսափն ապրեց մյուս բալիկս, ու ես աշխատանքի, տարածքում մարդ չկա, որ օգնի ութամյա աղջկաս շների հարձակումից։ Եթե առաջիկա օրերին չհավաքեք-տանեք թափառող շներին, ես իմ արարքների համար պատասխան չեմ տալու։ Հանրային հայտարարում եմ թունավորելու եմ անխնա բոլորին, քանի, որ իմ համար էրեխուս կյանքից առավել , ոչինչ չկա»,-ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Վանաձորի բնակիչ Մելինե Անդրեասյանը:

Լոռու մարզկենտրոնում թափառող կենդանիների խնդիրները մնում են չլուծված։ Քաղաքի թե կենտրոնական և թե ծայրամասային հատվածներում շները լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար: Բնակիչները բողոքում են ոչ միայն շների հարձակումներից, այլև գիշերային ոռնոցներից:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց Վանաձորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանի հետ:

Նա հավաստիացրեց, որ համայնքի պատասխանատուներն ու մասնագետներն անմիջապես արձագանքում են նման աղմուկ հանած դեպքերին, սակայն կոնկրետ նշված թաղամասում կատաղության նշաններով շներ չեն հայտնաբերվել։

Աստղիկ Ավետիքյանի խոսքով՝ համայնքն այս պահին ունի սահմանափակ գործիքակազմ, քանի որ օրենքը խստիվ արգելում է կենդանիներին վնասելը, իսկ հատուկ կացարաններ կառուցելու միջոցներ տեղական բյուջեում չկան։

«Համայնքն ամեն տարի մրցույթ է հայտարարում թափառող կենդանիների որոշակի խմբաքանակի ստերջացման համար, որպեսզի թիվը վերահսկելի լինի: Բայց այս պահին որևէ համայնք ի վիճակի չէ իր միջոցներով կառուցել համապատասխան չափորոշիչներով կացարաններ: Հետևաբար, քանի դեռ կացարաններ չկան, իսկ օրենքն արգելում է կենդանուն վնասել, համայնքը ստերջացումից բացի այլ տարբերակ չունի»,- պարզաբանեց խոսնակը:

Նա հավելեց, որ խնդիրը համատարած է ամբողջ Հայաստանում։ Թեև լուրեր կային հանրապետությունում 5 մեծ տարածաշրջանային կացարաններ կառուցելու ծրագրերի մասին, Վանաձորն էլ ինքնուրույն է շարունակում դոնորներ փնտրել՝ խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար:

Համայնքապետարանի ներկայացուցիչն ընդգծեց, որ ծայրահեղ քայլերի՝ կենդանիներին քնեցնելու տարբերակին դիմում են միայն այն դեպքում, երբ մասնագիտական զննությամբ առկա է կատաղության հստակ ախտորոշում։

«Կատաղած շների մասով մենք համագործակցում ենք ԱԻՆ-ի (ՆԳՆ Փրկարար ծառայության-խմ.բ) հետ և նրանց վերացնում ենք՝ քնեցնում ենք, նրանք անկում են: Բազմիցս հայտարարել ենք բնակիչներին, որ նման շներ նկատելու դեպքում անպայման տեղեկացնեն: Դեպքեր ունեցել ենք, արձագանքել ենք: Մասնագետները գնում, զննում են տարածքը, և կատաղության նշաններ ունեցող բոլոր կենդանիները անպայման քնեցվում են»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Ըստ խոսնակի փոխանցած տվյալների՝ Վանաձորում թափառող շների ընդհանուր քանակը ներկայում մոտավորապես 3000 է, վերջին 4 տարիների ընթացքում տարեկան շուրջ 500 շուն է ստերջացվել, ընդհանուր առմամբ արդեն ստերջացվել է մոտ 2000 կենդանի)։ Այդուհանդերձ, շների թիվը քաղաքում չի նվազում, ինչը պայմանավորված է այլ վայրերից կենդանիների գալով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։sharethis sharing button

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել