«Ռուսաստան արտահանվող ապրանքների սահմանափակումից մեր տնտեսությունը զգալիորեն կտուժի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
Ըստ Ֆարմանյանի՝ եթե առկա միտումները պահպանվեն, քաղաքացիները շատ մոտ ապագայում անմիջականորեն կզգան դրա հետևանքները։
«Օրինակ՝ ծաղիկների և գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման շուրջ 95 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Միևնույն ժամանակ, հաճախ ներկայացվում են օրինակներ, թե այս կամ այն ապրանքը արտահանվել է որևէ այլ երկիր։ Բայց խոսքը հաճախ այնքան փոքր ծավալների մասին է, որոնք իրական տնտեսական ազդեցություն չունեն, և դա ավելի շատ PR նպատակ է հետապնդում։ Իրականությունը բոլորովին այլ է, երբ արտահանման 95 տոկոսը կախված է մեկ շուկայից, դա շատ լուրջ ցուցանիշ է»,- ասում է նա։
Տնտեսագետը պարզ ներկայացնում է ստեղծված իրավիճակը՝ գյուղացին վարկ է վերցրել, աճեցրել է բերքը, սեզոնին ակնկալում է արտահանել, ստանալ եկամուտ, փակել վարկի տոկոսներն ու պարտավորությունները.
«Եթե չկարողանա արտահանել, ապա ընդամենը մի քանի ամիս անց կկանգնի լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»։
Ֆարմանյանը ևս մեկ խնդրի վրա է ուշադրություն հրավիրում՝ հասարակության մի հատված և գործարարների մի մասը հաճախ խուսափում է հրապարակայնորեն բարձրաձայնել խնդիրների մասին՝ մտավախություն ունենալով, թե իրենց ասածը կքաղաքականացվի.
«Իսկ հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե որևէ խնդիր գոյություն չունի, ամեն ինչ նորմալ է։ Սակայն իրականությունն այլ է»։
Հայկ Ֆարմանյանն ասում է՝ մշտապես շփվում է տնտեսվարողների հետ, մասնավոր զրույցներում լուրջ մտահոգություններ են հայտնում.
«Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է հստակ ասել՝ եթե ներկայիս իրավիճակը պահպանվի, կարող ենք ունենալ շատ լուրջ տնտեսական հետևանքներ։
Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմում է մոտ 4 միլիարդ դոլար, մինչդեռ արտահանումը դեպի Եվրոպա չի հասնում նույնիսկ 700 միլիոն դոլարի, թվերը բավական խոսուն են, իսկ հետևություններ կարող է անել յուրաքանչյուրը»։



