Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Հայտնում ենք, որ աշխատանքները շարունակվում են»,-ասված է հարցման պատասխանում:

Նախարարությունից այլ մանրամասներ չեն հայտնել։

Դեռ անցյալ տարի Sputnik Արմենիան գրել էր, որ Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը 1,5 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ այն դեպքում, երբ երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար կառուցվող պատնեշի արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար։ Հայկական կողմից ավազի ապօրինի արդյունահանման պատճառով Արաքս գետի հունը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխվել է, ինչի հետևանքով առաջացել է մոտ 330 հեկտար տարածքով կղզի։ Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է կառուցել մոտ 130 մետր երկարությամբ և 8 մետր խորությամբ պատնեշ՝ ջրի հոսքը դեպի նախկին հուն ուղղելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել