168.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե նա վերջ է դրել ութ պատերազմի աշխարհում, կարող են վիճելի լինել, բայց իր խաղաղության ջանքերը հիմնավոր հարցեր են առաջացնում։ Եվրոպան կարող է դասեր քաղել Վաշինգտոնից, թե ինչպես կարելի է դուրս գալ ձգձգվող հակամարտությունների փակուղուց։ Այս մասին գրել է «Քարնեգի Եվրոպա»-ի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերի բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը «Քարնեգի» հիմնադրամի կայքում «Թրամփի խաղաղության դասերը Եվրոպայի համար» վերտառությամբ իր հոդվածում։

Ըստ նրա՝ խորհրդանշականությունը չէր կարող ավելի ցայտուն լինել։ Դե Վաալը հիշեցնում է, որ այս տարվա սկզբին նախագահ վերընտրված Թրամփի վարչակազմը որոշում էր ընդունել փակելու Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտը (USIP)՝ խաղաղարարության ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպությունը, որի անձնակազմը կազմված էր գիտնականներից և բանակցությունների երկար տարիների փորձ ունեցող վետերան դիվանագետներից։

«Այն դիվանագիտության և երկխոսության միջոցով լիբերալ խաղաղության ձգտման քարե մարմնացում էր»,- նշում է փորձագետը։

Սակայն դեկտեմբերին այն անսպասելիորեն վերաբացվել է նոր անունով՝ Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտ։ Սպիտակ տան խոսնակը պարզաբանել է, որ նախկինում ուռճացված և անօգուտ այս հաստատությունը տարեկան 50 մլն դոլար էր ծախսում, սակայն խաղաղություն չէր բերում, իսկ այժմ մեկ տարուց էլ քիչ ժամանակում ութ պատերազմ ավարտած նախագահի անունով տեղին վերանվանված Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտը կծառայի որպես հզոր հիշեցում այն մասին, թե ինչ կարող է անել ուժեղ առաջնորդությունը համաշխարհային կայունության համար։

Դե Վաալը նկատում է, որ Թրամփի «գործարք կնքելու արվեստի» շնորհիվ իբրև թե ավարտված ութ հակամարտությունների ցանկը բազմաթիվ քննադատներ ունի, և այդ ութ օրինակներից որոշները նույնիսկ չեն էլ կարող որակավորվել որպես պատշաճ խաղաղության համաձայնագրեր՝ ինչպես, օրինակ, Եգիպտոսի և Եթովպիայի միջև գործարքը Եթովպական մեծ ամբարտակի շուրջ։

«Թրամփի «գործարք կնքելու արվեստի» շնորհիվ ավարտված ութ հակամարտությունների ցանկում ներառված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի առաջնորդների կոնֆլիկտը, որոնք համաձայնագիր են ստորագրել Թրամփի ներկայությամբ՝ նոր վերանվանված շենքում։ Մյուսները, ինչպիսին է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Թաիլանդի և Կամբոջայի միջև կնքված համաձայնագիրը, կազմաքանդվում են՝ նոր բախումների մասին հաղորդագրությունների պատճառով։ Քչերը կարող են բացատրել, թե ինչու են Կոսովոն և Սերբիան ընդհանրապես ներառված ցուցակում։ Իսրայելի և Համասի պարագայում դեռ շատ վաղ է ասել, թե արդյո՞ք համաձայնագիրը կպահպանվի։ Ուկրաինան ընդհանրապես ներառված չէ ցուցակում ակնհայտ պատճառներով. Մոսկվայից և Վաշինգտոնից դուրս քչերն են ԱՄՆ վերջին ծրագիրը համարում իրական խաղաղության ջանք, որը լուծում է հակամարտության հիմնական պատճառները: Եվ այդուհանդերձ, ինչպես ինձ խոստովանեց Եվրոպական միության (ԵՄ) մի պաշտոնյա՝ Թրամփը գուցե ճիշտ պատասխաններ չունի, բայց նա հաճախ ճիշտ հարցեր է տալիս։ Եվրոպացիներն ըստ պատշաճի ինքներն իրենց այդ հարցը չեն տալիս. «Ինչպե՞ս դադարեցնել արյունահեղությունը Ուկրաինայում»», – շարունակում է դե Վաալը։

Փորձագետի խոսքով՝ Թրամփի խաղաղության օրակարգի ընդգծված հավակնությունները տեսնելով՝ եվրոպացիները պետք է իրենք իրենց հարց տան՝ ինչո՞ւ իրենց մոտ չի բավարարում քաջությունն այս մեծ խնդիրները լուծելու։

Բայց մեզ համար՝ Հայաստանի և հայ հանրության տեսանկյունից, բնականաբար, առավել հետաքրքիր են ղարաբաղյան հակամարտության գործընթացին լիարժեքորեն տիրապետող Թոմաս դե Վաալի մեկնաբանությունները Հայաստան-Ադրբեջան գործընթացի և Թրամփի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան օվալաձև գրասենյակում կնքված, այսպես կոչված, գործարքի վերաբերյալ, որը ներկայացվեց՝ իբրև «խաղաղության գործարք»։

Փորձագետը նշում է, որ ընդհանրապես «ձգձգված հակամարտություններն» իրենց սեփական դինամիկան ձեռք բերելու հակումներ են ունենում. դիսֆունկցիոնալ ստատուս-քվոն պահպանվում է այնքան ժամանակ, մինչև որ կողմերից մեկնումեկը չի որոշում սպառել քաղաքական կապիտալը և դուրս գալ փակուղուց։ Նման օրինակներից մեկը Կիպրոսն է, երբ ԵՄ-ն փաստացիորեն իրեն դուրս թողեց հակամարտության կարգավորումից, երբ 2004 թվականին վեճի կողմերից մեկին՝ Կիպրոսի Հանրապետությանը, հրավիրեց միանալ ԵՄ-ին, իսկ մյուս «տխուր» օրինակը, ինչպես գրում է Թոմաս դե Վաալը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները խթանելու նպատակով 1992 թվականին ստեղծված և մինչև այս տարվա ամառ գոյատևած ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ 1997-ից համանախագահում էին երեք միջնորդները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ երեք մեծ տերություններ հսկայական ռեսուրսներով, սակայն նրանց «գործարանային» գործառույթը երկու կողմերի առաջնորդներին բարդ ընտրության առաջ չկանգնեցնելն էր և նրանց չստիպելը գին վճարել հակամարտությունը շարունակելու համար։

«Արդյունքը եղավ ինկրեմենտալիզմը և մի գործընթաց, որն ավելի ճիշտ է բնութագրել որպես կոնֆլիկտի մենեջմենթ, քան իրական խաղաղության բանակցություններ։ Այդ գործընթացը դաժանորեն ընդհատվեց, երբ Ադրբեջանը 2020 թվականին վերսկսեց պատերազմը՝ մեծ արյունահեղությամբ։

Հայաստան-Ադրբեջանը Սպիտակ տան ցանկում ներառված խաղաղության համաձայնագրերից մեկն է, և այստեղ Թրամփի վարչակազմն արժանի է գովասանքի: 2025 թվականին Միացյալ Նահանգները մտավ մի գործընթացի մեջ, որի ընթացքում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի առաջնորդներն արդեն համաձայնության էին եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, և հաջորդ քայլերն անելու համար փնտրում էին նոր երաշխավորի, որը Ռուսաստանը չէր: Եվրոպացիներն ունեին փորձագիտություն և ճիշտ մարդիկ՝ համաձայնագիր կնքելու համար, բայց հենց արագաշարժ ամերիկացիներն էին, որոնք արագություն և քաղաքական կամք ցուցադրեցին ամենաբարձր մակարդակով՝ օգոստոսին հրավիրելով Սպիտակ տան հանդիպում, որտեղ նախաձեռնվեցին և ստորագրվեցին նոր համաձայնագրեր:

Ուժ օգտագործելու Միացյալ Նահանգների պատրաստ լինելն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Եթե այն ճիշտ օգտագործվի, դա կարող է մարդկանց դուրս բերել իրենց հարմարավետության գոտուց, իսկ սխալ օգտագործելու դեպքում այն բռնարարի ուժն է՝ հարցրեք Ուկրաինային: Միացյալ Նահանգները նախկինում էլ է այդպես վարվել, երբ կնքվում էր 30 տարի առաջ այս նույն ամսին ստորագրված Դեյթոնի համաձայնագիրը, Վաշինգտոնն այն ժամանակ էլ անհամբերություն ցուցաբերեց Եվրոպայի նկատմամբ»,- գրել է Թոմաս դե Վաալը։

Ամփոփելով իր հոդվածը՝ փորձագետը հարց է բարձրացնում, թե այսպիսով, պե՞տք է արդյոք Եվրոպան հետևի Թրամփի օրինակին։ Դե Վաալի կարծիքով՝ այո և ոչ. «ԱՄՆ նախագահի վերջին մի քանի ամիսների գործարքների ռազմավարության դասը, անշուշտ, այն է, որ եթե դուք ցանկանում եք փոխել ստատուս-քվոն, ապա պետք է գործեք կոշտ և պատրաստ լինեք բեկումնային քայլերի։ Այս աշխարհի հզորները  պատասխանատու են հակամարտությունների հավերժացման համար, սովորաբար ուժեղ են և սովորաբար՝ տղամարդիկ, նրանք կփոխեն իրենց վարքագիծը միայն այն ժամանակ, երբ վախի հոտ առնեն։ Ահա թե ինչ է պատրաստ անել Թրամփը»։

Թոմաս դե Վաալը «Քարնեգի Եվրոպա»-ի ավագ գիտաշխատող է՝ մասնագիտացած Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի ոլորտներում։ Նա Արցախի հիմնախնդրի և ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել