Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը շահութաբեր չեն առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանին և Իրանին ներառող երթուղիները մեծ մասամբ փորձարկվել են և հիմնված են ինտեգրացիոն գործընթացների վրա, մինչդեռ Արևմուտքի կողմից խթանվող նախագծերն, այդ թվում՝ նավթավերամշակման ոլորտում, որոնք ենթադրում են Ռուսաստանի և Իրանի շրջանցում, ավելի շատ քաղաքական են, քան տնտեսական։

«Այստեղ ամենակարևորը նախագծերի ծախսարդյունավետությունն ու քաղաքականացված չլինելն է, քանի որ մենք տեսնում ենք տարածաշրջանում տարբեր տրանսպորտային միջանցքների կառուցման աճ։ Բոլորը լսել են «Աշխարհի խաչմերուկի» մասին, հատկապես՝ Հայաստանում։ «Թրամփի ճանապարհն» այժմ շատ տարածված նախագիծ է։ Բայց ամեն դեպքում, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է ծախսարդյունավետությունից, լոգիստիկայից, բեռների հասանելիությունից և տարանցման ծախսերից», – նշել է Լիցկայը Երևանում «3+3 ձևաչափ. հեռանկարներ և տարածաշրջանային համագործակցության հնարավոր տարբերակներ» փորձագիտական համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր «Ռոսսոտրուդնիչեստվո» գրասենյակի կողմից՝ Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։

Դիվանագետի կարծիքով արևմտյան երկրները կարևորում են առանձին երկրները շրջանցող բեռնափոխադրումները՝ շահութաբերության, օգտակարության և պահանջարկի հաշվին։

«Ռուսաստանին կամ Իրանին ավելի մեծ տրանսպորտային միջանցքից բացառող նախագծերը բնույթով անշահավետ են։ Ես չեմ կարծում, որ սա տնտեսական համագործակցության լավագույն հիմքն է», – ընդգծել է Լիցկայը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել