
Իսպանիայի 40 քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու բնակարանների գների կտրուկ բարձրացումից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Քաղաքացիները բողոքում են անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաներից ու բնակարանների վարձի կտրուկ բարձրացումից։ Ամենամեծ բողոքի ակցիան տեղի է ունեցել մայրաքաղաք Մադրիդում, որտեղ հավաքավել է 150 հազար մարդ։
Բողոքի ակցիային մասնակցել են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, էմիգրանտներ, որոնք բախվել են բնակարանի անհասանելիության խնդրին։
Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Տան իրավունքը արտոնություն չէ», «Վերջ տվեք բնակարանային բիզնեսին», «Բնակարանն իրավունք է, ոչ թե ապրանք»։
«Մենք այլևս չենք պատրաստվում լքել մեր թաղամասերը, մեր տները, մեր քաղաքները հինգ կամ յոթ տարին մեկ», - ասել է Մադրիդի վարձակալների արհմիության ներկայացուցիչ Վալերիա Ռակուն: -«Այսօր մենք ասում ենք այն կես միլիոն ընտանիքներին, որոնց պայմանագրերն ավարտվում են այս տարի՝ մնացեք տանը, մի հանձնվեք»:
Ցուցարարները նաև դատապարտել են խոշոր գույքի սեփականատերերի և հիմնադրամների գործողությունները, ինչպիսիք են ամերիկյան ներդրումային հսկան՝ Blackstone-ը, իսպանական La Caixa-ն և Alquiler Seguro ընկերությունները։
Ցուցարարները պահանջում են անհապաղ իջեցնել վարձավճարները 50%-ով, վարձակալության պայմանագրերը կնքել անժամկետ և այլն։