Tert.am-ը գրում է․

Այսօր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը լուր տարածել էր, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ 5-րդ հարկում, բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել:

Ավելի ուշ ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Tert.am-ը ՔԿԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից հետաքրքրվեց, թե դատապարտյալը հատկապես ի՞նչ անօրինական պահանջներ է ներկայացրել:

Ի պատասխան Նավիկյանն ասաց. «Մշտապես բաց պահել կերակրադռնակը (волчок), օրենքով հատկացված զբոսանքի ժամանակը երկարացնել: Ընդհանուր առմամբ խաթարվել է հիմնարկի բնականոն գործունեությունը»:

Ըստ ՔԿԾ հայտարարության՝ այս պահանջներից հետո ՔԿ-ն որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչը հարուցել է մյուս դատապարտյալների դժգոհությունը:

Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել