Օդաչուն և նրա երկու փոքր դուստրերը ողջ են մնացել սառած լճի մեջտեղում՝ ինքնաթիռի թևի վրա 12 ժամ անցկացնելուց հետո, և հրաշքով փրկվել են որոնողական աշխատանքների արդյունքում։ Օդանավը կործանվել էր և մասամբ սուզվել Ալյասկայի սառցե լճում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Օդաչու Թերի Գոդեսը հայտնել է, որ մարտի 23-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառում է նկատել, որում կոչ էր արվում մարդկանց օգնել փնտրել անհետացած օդանավը, որը աղետի ազդանշան չուներ: Գրառման հեղինակը օդաչուի հայրն էր՝ Ջոն Մորիսը, որը խնդրում էր մարդկանց օգնել որոնել իր որդուն և թոռներին՝ ասելով, որ նրանք չեն վերադարձել նախորդ օրվա թռիչքից:

Մարտի 24-ի առավոտյան մոտ մեկ տասնյակ օդաչուներ, ներառյալ Գոդեսը, դուրս են եկել՝ իրականացնելու որոնողական աշխատանքներ: 

Աղետի ազդանշանի բացակայությունը բարդացրել է ինքնաթիռի որոնումները, սակայն փրկարարները բջջային հեռախոսի ազդանշան են նկատել, որը եկել է Կենայ թերակղզու Տուստումենա լճի տարածքից։ 

Գոդեսը շարժվել է դեպի Տուստումենա լճի սառցադաշտի ուղղությամբ և նկատել է օդանավի բեկորները:

«Մի տեսակ սիրտս կոտրվեց, երբ տեսա բեկորները, բայց երբ ավելի մոտեցա, նկատեցի, որ թևի վրա երեք մարդ կա», - The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է նա։

Գոդեսը շարունակել է մոտենալ և ականատես է եղել հրաշքի։

«Նրանք կենդանի էին, արձագանքում էին և շարժվում», - ասել է Գոդեսը՝ հավելելով, որ նրանք ձեռքով էին անում իրեն:

Անհետացած Piper PA-12 Super Cruiser-ը, որի օդաչուն մի տղամարդ էր, ընտանիքի երկու անչափահաս անդամների հետ զբոսաշրջության էր դուրս եկել Սոլդոտնայից դեպի Կենայ թերակղզու Սկիլակ լիճ: 

Ընտանիքի երեք անդամները փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց, սակայն վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել