![](/static/news/b/2025/01/888533.jpg)
Oragir.news-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ ՀՀ ռեզիդենտ համարվող ավելի քան 720 հազար գրանցված աշխատողները մինչև 2025 թվականի մայիսի 1-ը պարտավոր են հայտարարագիր լրացնել՝ ներկայացնելով 2024 թվականին իրենց ստացած եկամուտները։
Չնայած առկա բազմաթիվ թերություններին ու համակարգային խափանումներին՝ կառավարությունն այս հարցում անզիջում է և կարծես թե մտադիր չէ հետքայլ կատարել։ Ավելին՝ իշխանականները վստահեցնում են մեզ, որ այս ինստիտուտն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարը որակական նոր փուլ տեղափոխելու, նոր որակի պետություն կառուցելու, ինչպես նաև կառավարության սոցիալական քաղաքականությունն ավելի թիրախային դարձնելու համար։
Հանրային ճնշման ու դժգոհությունների ֆոնին Պետական եկամուտների կոմիտեն օրերս հետքայլ կատարեց՝ հայտնելով, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Ընդ որում՝ եթե այս գործարքներից յուրաքանչյուրը 300 հազար դրամից ավելի է լինում, պետք է հայտարարագրել, բայց այն չի հարկվում։
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացում կա հստակ մանիպուլացիա, հատկապես այն դեպքում, երբ պետությունը ասում է, որ այս գործընթացը սոցիալական հստակ պատկեր տեսնելու համար է։ Հատկապես խնդրահարույց է ընտանիքի անդամների ընդհանուր եկամուտը հաշվարկելու կարգը: Մասնավորապես՝ եթե Սահակյանների ընտանիքն ունի 2 աշխատող անդամ, որոնցից մեկն ամսական 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում, մյուսը՝ 300 հազար դրամ, ապա պարզագույն թվաբանությունը հուշում է, որ այս ընտանիքի հանրագումարային եկամուտը կազմում է 700 հազար դրամ, սակայն ՊԵԿ-ի տրամաբանությունը մի փոքր այլ է․ ՊԵԿ-ը Սահակյանների ընտանիքի եկամուտը կհամարի 700 հազար դրամ միայն այն դեպքում, եթե ընտանիքի անդամները միմյանց անկանխիկ տարբերակով գումար չփոխանցեն իսկ եթե օրինակ ընտանիքի 400 հազար դրամ ստացող անդամն իր եկամուտներից կենցաղային կարիքները հոգալու նպատակով 300 հազար դրամ մյուս անդամին, իսկ վերջինս էլ 150 հազար դրամ փոխանցի ընտանիքի չաշխատող անդամներից մեկին, ապա այս դեպքում պետությունը համարելու է, որ տվյալ ընտանիքը ունի ոչ թե 700, այլ 1,150 հազար եկամուտը, ինչն ինքնին զավեշտալի է ու ամենակարևորը խաթարում է հենց պետության կողմից նշված սոցիալական պատկերը։
Եթե այս զավեշտալի իրավիճակը ամսական 700 հազար դրամ հանրագումարային եկամուտ ունեցող Սահակյանների ընտանիքի դեպքում կարող է միայն լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնել, ապա օրինակ՝ Հակոբյանների նպաստառու ընտանիքի դեպքում այն շատ ավելի ծանր հետևանքներ է ունենալու։ Դիցուք՝ այս ընտանիքը պետությունից ստանում է ամսական 60 հազար դրամ նպաստ, իսկ ընտանիքի անդամներից էլ աշխատում է միայն մեկը՝ 120 հազար դրամ աշխատավարձով։ Այսպիսով՝ եթե 180 հազար դրամ իրական եկամուտ ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքի անդամները անկանխիկ տարբերակով միմյանց տարբեր նպատակներով գումարներ փոխանցեն, ապա՝ հետ փոխանցեն, գործող կարգավորումներով ՊԵԿ-ը կարող է համարել, որ տվյալ ընտանիքն ամսական ունի 300-400 հազար դրամ եկամուտ, որն էլ իր հերթին թույլ կտա ընտանիքին զրկել 60 հազար դրամ սոցիալական աջակցությունից՝ հիմնավորելով, որ այն թիրախային չէ, ու ընտանիքը դրա կարիքը չունի։
Հատկանշական է, որ ՊԵԿ-ը հաշվարկի այս անտրամաբանական և մաթեմատիկական օրենքներին չենթարկվող մեթոդը միայն այս պարագայում չի կիրառում։ ՊԵԿ-ի կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվում են Հայաստանում կատարված խաղադրույքների ցուցանիշները, որոնք առաջին հայացքից չափազանց մտահոգիչ են։ Օրերս էլ հրապարակվեց հերթական տվյալը․ 2024թ. ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմել է 7.13 տրիլիոն դրամ։
Հանրության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ պարբերաբար հրապարակվող այս ցուցանիշները բացառապես քաղաքացիների պարտված գումարներն են, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրանք ձևավորվում են դրական և բացասական ելքերով խաղադրուքների հանրագումարի արդյունքում։ Օրինակ՝ քաղաքացին կատարել է 20 հազար դրամ խաղադրույք, որի արդյունքում շահել է ևս 20 հազար դրամ, այնուհետև իր շահումը չի վերցրել և նոր խաղադրույք է կատարել՝ կորցնելով իր նախորդ շահումը՝ 20.000 դրամը։ Այս դրվագով ՊԵԿ-ը հրապարակելու է, որ տվյալ քաղաքացին 60 հազար դրամ խաղադրույք է կատարել, իսկ այս տեղեկատվությունն ընթերցող քաղաքացիներն էլ կարծելու են, որ վերջինս լիցքավորել է 60 հազար դրամ։ Իրականում հիշյալ քաղաքացին գումարային կորուստ չի կրել, պարտվել է բացառապես իր կատարած առաջին խաղադրույքից շահած 20 հազար դրամը, սակայն հանրությանը մատուցվող ինֆորմացիայից ստացվող տպավորությունը մանիպուլացնող է ու կրկին սոցիալական պատկերը խաթարող։ Սակայն 2 տվյալներն էլ կարևոր տվյալներ են հասարակության տրամադրությունները հասկանալու ու ընդհանուր պատկերը տեսնելու համար:
Այսպիսով՝ կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի կողմից ինչպես քաղաքացիների եկամուտների, այնպես էլ կատարված խաղադրույքների հաշվարկման մեթոդաբանությունը չափազանց խնդրահարույց է և մանիպուլացնող, ուստի այն անհրաժեշտ է օր առաջ վերանայել և լավարկել։
Ինչ վերաբերում է խաղադրույքների հաշվարկման մեթոդաբանությանը ու հրապարակվող ցուցանիշներին, ապա ՊԵԿ-ը պետք է մասնավորեցնի՝ նշելով, թե այդ գումարի որ մասն են կազմում դրական ելքով խաղադրույքները, որոնցով կրկին խաղադրույքներ են կատարվել՝ դրական կամ բացասական ելքով։ Այլապես այս ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությանը չտիրապետող քաղաքացիների շրջանում 7․13 տրիլիոն դրամ ցուցանիշից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը տառապում է խաղամոլությամբ, սակայն վերոհիշյալ՝ 20 հազար դրամ խաղադրույքի և դրան հաջորդած գործողությունների պարզ օրինակով համոզվեցինք, որ իրականությունը բոլորովին այլ բանի մասին է․․․
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/01/28/143333