Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհի Միլենա Վարդանյանն ամուսնացել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ: Վարդանյանը BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես են ծանոթացել ու ծանոթությունից կարճ ժամանակ անց որոշել ընտանիք կազմել:

Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ հանդիպել են հուլիսի 5-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում. երկուսն էլ հրավիրված էին Բելգիայի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը, որտեղից էլ սկսվել է իրենց սիրո պատմությունը:

«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Ծանոթությունից անմիջապես հետո Էնդրյուն ինձ ճաշի հրավիրեց, երկար զրուցեցինք ու հասկացանք, որ կյանքի նկատմամբ նույն հայացքներն ունենք, միանման սկզբունքներ ու, առհասարակ, մեր ընդհանրությունները շատ են: Բավական կարճ շփումից հետո առաջինն իր զգացմունքների ու մտադրությունների մասին խոստովանեց Էնդրյուն»,- պատմել է Վարդանյանը:

Ամուսնության առաջարկություն ստանալուց անմիջապես հետո էլ տեղի է ունեցել դերասանուհու ծնողների հետ ծանոթությունը. Թըրները նրանցից է խնդրել Միլենայի ձեռքն ու ստացել օրհնությունը:

«Մեր հանդիպումից 1,5 ամիս անց Էնդրյուն ինձ հրավիրեց Գյումրի, որտեղ փառատոնի մասնակցեցինք եւ հիանալի ժամանակ անցկացրինք: Համերգից հետո նա ռոմանտիկ պայմաններում առաջարկեց իր կինը դառնալ: Ինձ համար ամեն ինչ անսպասելի ու անակնկալ էր, քանի որ մեկ ամսից քիչ ավելի գիտեինք միմյանց: Բայց սերը ժամանակ չի ճանաչում ու ես «այո» պատասխանեցի», - ավելացրել է դերասանուհին:

Ամուսնությունը պետականորեն գրանցել են սեպտեմբերի 9-ին՝ Վարդանյանի ընտանիքի մասնակցությամբ, քանի որ Թըրների հարազատները բնակվում են Կանադայում, ապա հավաքվել են իտալական հարմարավետ ռեստորանում: Այդ արարողության համար դերասանուհին դասական ու էլեգանտ սպիտակ զգեստ է ընտրել:

«Մեր հարսանիքը տեղի կունենա նոյեմբերին, եւ դեռ շարունակում ենք կատարյալ վայր փնտրել այդ հատուկ առիթի համար: Չեմ կողմնորոշվել նաեւ զգեստի հարցում. փնտրտուքներն ընթացքի մեջ են: Որոշել ենք ժամանակակից ոճով անցկացնել, բայց պահպանել հայկական ավանդույթի տարրերը: Հարսանիքին ժամանելու են նաեւ Էնդրյուի ծնողները, հարազատներն ու ընկերները Կանադայից եւ այլ երկրներից»,- պատմել է նա:

Խոստովանեց, որ քույրը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն իրեն մի քանի խորհուրդ է տվել ընտանիք կազմելուց առաջ, սակայն նախընտրեց՝ դրանք գաղտնիք մնան:

Նորաստեղծ ընտանիքում Միլենա Վարդանյանը կարեւորում է փոխըմբռնումը, միմյանց նկատմամբ հարգանքը, միանման սկզբունքներն ու նպատակները, աջակցությունն ու սերը. «Բոլոր առումներով նույն ուղղությամբ ենք նայում, ինչը ընտանիք ստեղծելու տեսանկյունից ամենակարեւորն է: Նույնը մաղթում եմ բոլոր ընտանիքներին»:

Դերասանուհին նաեւ ավելացրել է, որ անգլերենով են շփվում, քանի որ իր պաշտոնավարման մոտ մեկ տարվա ընթացքում դեսպանը դեռ չի հասցրել լավ տիրապետել հայերենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել