Mediahub.am-ը գրում է․

«Զվարթնոց» օդանավակայանում վերջին շրջանում լրջորեն խստացրել են մաքսային հսկողությունը։ Եթե նախկինում հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող քաղաքացիներին էին պարտադիր «կարմիր ուղիով» անցկացնում և ստուգում ձեռքի ուղեբեռը, հիմա նաև այլ երկրների, մասնավորապես ՌԴ-ից ժամանողներին էլ են գրեթե համատարած ստուգում։

MediaHub-ն այսօր անձամբ ականատես է եղել այդպիսի ստուգման, թե ինչպես են «Զվարթնոցի» մաքսավորները ստուգում Մոսկվայից ժամանած չվերթի ուղևորներին։ Ի դեպ, այս անգամ, ի տարբերություն նախորդի, երբ Էմիրություններից էինք ժամանում Երևան, մեզ բավականին քաղաքավարի ձևով մոտեցան և խնդրեցին մեր ձեռքի ուղեբեռը դնել Rapiscan սարքի մեջ, որ ստուգեն պարունակությունը։ 

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են Մոսկվայից ժամանողներին ևս ստուգում՝ նախկինում նման բան չկար, ասացին, որ վերջին շրջանում ղեկավարության ցուցումով խստացումներ են մտցվել «Զվարթնոց» մաքսավորների կողմից, քանզի Դուբայից բացի, հիմա էլ Մոսկվայից են սկսել մաքսանենգ, ինչպես նաև հայտարարագրման ենթակա ապրանքներ ներմուծել, որոնք Հայաստան են բերվում առևտրային նպատակով։

Այսինքն՝ ինչպես Դուբայից էին հատով հեռախոսներ գնում ու տարբեր անձանց միջոցով ներմուծում Հայաստան, հիմա նույնը ՌԴ-ից, մասնավորապես՝ Մոսկվայից են անում, քանզի այնտեղ ևս էլեկտրատեխնիկան բավականին էժան է։

Ու պատմեցին բավականին ուշագրավ դեպքեր, որ բացահայտել են վերջին օրերին, օրինակ՝ մի կին կրծկալի մեջ ադամանդ էր թաքցրել, որը հայտնաբերել են «Զվարթնոցի» մաքսավորները, կոկաինի պարկեր են հայտնաբերել՝ քողարկված «նոթբուքի» պայուսակի մեջ, որի վրա նաև հատուկ նյութ էին քսել, որ հանկարծ շները հոտառությամբ չհայտնաբերեն ու այսպես շարունակ։ Նաև շատ են լինում հանրությանը հայտնի, անվանի դեմքեր կամ տարբեր ազդեցիկ մարդկանց ծանոթ-բարեկամներ, որոնք փորձում են տարբեր մարդկանց անուններ տալով կամ իրենց հայտնիությունն օգտագործելով՝ այս կամ այն արգելված իրը կամ հայտարարագրման ենթակա ապրանքը առանց հայտարարագրելու ներմուծել Հայաստան՝ խուսափելով հարկերից։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել