Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակ» թերթը հրապարակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև․

«Համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդներին բնորոշ է Լեւ Գումիլյովի շրջանառության մեջ դրած կենսաշրջանների (էթնոսների ցիկլերի) տեսությունը, երբ ազգերը ձեւավորվում են, վերելք ապրում, կայունանում, հասնում զարգացվածության եւ հզորության գագաթնակետին, այնուհետեւ անկում ապրում (հաճախ՝ ողբերգական ընթացքով եւ հետեւանքներով)՝ ամբողջովին վերանալով կամ վերափոխվելով այլ ժողովրդի կամ էլ կրկին բռնելով վերելքի ճանապարհը: Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում այս փուլերով անցել է մի քանի անգամ՝ վերջին 150 տարվա ընթացքում՝ եւս մեկ շրջան արագացված ռեժիմով: 

Մարդկության պատմությանը չափազանց քիչ են հայտնի դեպքեր, որ ազգը կարողացել է պահել իրեն հասցված ամենածանր հարվածը՝ ցեղասպանությունը: 1915-ի Հայոց ցեղասպանության հարվածը հայերը պահեցին պատվով: Ցավի, կորստի ու տառապանքի պայմաններում պահպանելով խիստ ադեկվատ վարքագիծ եւ ռացիոնալ հավաքական գնահատական տալով իրավիճակին՝ սկսեցին արագորեն ինքնակազմակերպվել ու կազմակերպել ազգային կյանքը՝ սկսած Սփյուռքում հայապահպանության ինստիտուտներից, Հայաստանում որբանոցներից ու դպրոցներից, վերջացրած Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումով: Իր հերթին, Խորհրդային Հայաստանը դարձավ Առաջին Հանրապետության առաքելության տրամաբանական ու վարքաբանական շարունակությունը: Թեեւ հայ ժողովրդի 2 հատվածները՝ Սփյուռքը եւ ՀԽՍՀ-ն (Արեւելյան Հայաստանը) աշխարհակարգի իրողություններից դրդված ընթանում էին տարբեր ճանապարհներով, բայց դրանք հաճախ խաչվում էին, էլ չասած, որ նույնանման ազգային նպատակներ էին հետապնդում:

Հայության երկու հատվածներին գլխավորապես միավորում էր միանման վարքագիծ. ազգային առաջնորդները՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից մինչեւ Բուրջ Համուդի եւ Կալիֆորնիայի ազգային հեղինակություններ ու կարծիք ստեղծողներ, հստակ գիտակցում էին ազգի շահը, գիտեին իրենց անելիքը, հնարավորությունների ամբողջ զինանոցով զբաղված էին խնդիրների լուծմամբ: Նրանց միավորում էր մեկ այլ ընդհանրություն. ակնհայտ փաստերն ու իրադարձությունները նրանք չէին փորձում բացատրել, առավել եւս՝ պայմանավորել դավադրությունների տեսություններով եւ կոնսպիրոլոգիայով:  

Ուշագրավ է, որ մինչեւ 20-րդ դարի վերջը եւ 21-րդ դարի սկիզբը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը հայերի ժողովրդական խոսույթում տեղ չի զբաղեցրել դավադրությունների տեսության համատեքստում: Անգամ պատմագիտությունից հեռու եւ պատմությունը լավ չիմացող հայ մարդկանց շրջանում տիրապետող էր կարծիքը, որ թուրքերը կոտորել են հայերին` իրենց համար Հայրենիք ստեղծելու, Թուրքիան դարձնելու այնպիսին, ինչպիսին ուզում էին, իսկ Օսմանյան կայսրության, ապա Արեւելյան Հայաստանի տարածքում ցեղասպանական գործողությունների ընթացքում մեծապես փրկվել են այն հայերը, որոնք դիմադրել են, իսկ որոնք հավատացել են թուրքերի բարեգթության խոստումներին, սպանվել են կամ սովամահության դատապարտվել սիրիական անապատներում: Հենց այդ շրջանում էր, որ Հայոց ցեղասպանության հավաքական հիշողության առաջնագծում էին Վան քաղաքում, Վանի նահանգի այլ բնակավայրերում, Սուետիայում (Մուսա լեռ), Ուրֆայում, Շապին Գարահիսարում եւ այլուր հայերի հերոսական ինքնապաշտպանության ու փրկության մասին պատմությունները: Հիշում ու հերոսացնում էին նրանց, որոնք դիմադրել ու փրկվել էին, եւ նրանց, որոնք չէին հանձնվել, նահատակվել էին, բայց փրկել էին իրենց եւ իրենց ազգի պատիվը: Դա թույլ էր տալիս ապրելու եւ արարելու. Ցեղասպանությունը վերապրածներն ամոթի զգացումով չէին ապրում, իսկ նահատակվածների զոհողությունը հիշում եւ իմաստավորում էին:

Այս նարատիվը նոր շունչ ստացավ 1950-ականների կեսից, երբ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը կարողացավ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պետական քաղաքականության վերածել նախ միութենական, ապա նաեւ միջազգային մակարդակում: Զարկ էր տրվել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հիշատակի քաղաքական ու սոցիալ-մշակութային բաղադրիչներին, այլեւ գիտական գործունեությանը: Հայերը սկսեցին հպարտանալ ապրելու իրենց կամքով, վերապրել կարողանալու ուժով: Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությանը եւ լուսաբանմանը նվիրված աշխատությունների (տարբեր լեզուներով) քանակն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Այդ առումով բավական է հիշատակել, որ Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գիտական մենագրությունը Խորհրդային Միությունն արժանացրեց պետական մրցանակի: Նույնն էր դրությունը նաեւ Սփյուռքի գաղթօջախներում. Վահագն Տատրյանի եւ մեծանուն այլ հայ գիտնականների ջանքերով տարեցտարի աշխարհում ավելանում էր Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների եւ արդարություն պահանջողների քանակը: 

Այդ ամենը շարունակվեց մինչեւ 1980-ականների սկիզբը, երբ արտաքին ու ներքին անվտանգությունն ապահոված, սոցիալական խնդիրները լուծած Խորհրդային Հայաստանում առաջնային դիրքերում հայտնվեց կուշտ ապրողի հոգեբանությամբ աչքի ընկնող «անպատասխանատու հայրենասեր պոետների» սերունդը, որը (գուցե՝ միամտորեն, գուցե՝ ազնիվ մղումներով) ժողովրդական ընկալումների դաշտում ցանեց այն սերմերը, որոնք հետագայում ծաղկելու էին որպես դավադրության տեսություններ: Անշուշտ, նրանք միակ «մեղավորը» չէին կամ պատճառը, սակայն հենց նրանց ջանքերով 1980-ականների կեսից հայ ժողովրդի շրջանում սկսեց զարգանալ «ընտրյալ ազգի» գաղափարը: Եվ եթե այդ ժամանակ Սփյուռքում դեռ շարունակվում էր ներկայի եւ անցյալի փաստերի ավելի ադեկվատ եւ ազնիվ ընկալումը, ապա երկրորդ եւ հատկապես երրորդ սերնդի խորհրդահայերի մոտ սկսեցին տարածվել մտայնությունները, թե «Ցեղասպանության հետեւանքով է վերացել Հայաստանը», «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի, մի քիչ էլ հայկական լեռները բարձրանալու ոչ ունակ նավերի տերերի՝ Անգլիայի պատճառով», «Ամերիկան ցանկանում էր ծովից ծով Հայաստան ստեղծել, բայց ռուսներն ու թուրքերը թույլ չտվեցին», «Ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները, որ տիրանան օսմանյան հայերի կապիտալին»: 

Աստիճանաբար այդ ամենը սկսեց շաղախվել 1980-ականների ԽՍՀՄ-ի օրգանական այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին էր «ռաբիզը»՝ որպես պրոլետարիատի սոցիոմշակույթ՝ խրախուսված «դուք եք տերը այս երկրի» այդրոպեական կարգախոսով, ինչին արագորեն միացավ նաեւ «ջերմուկն ու ծիրանը կվաճառենք ու դրանով կապրենք» էժանագին խաբկանքը: Դա էր պատճառը, որ 1988-ի զարթոնքը մտավորականությունն այլ կերպ էր ընկալում, իսկ ժողովուրդը՝ այլ: Նույն այդ մտավորականության «գնացքն արդեն գնացել էր», քանզի սկսել էին արմատներ տալ դավադրությունների տեսությունների այն սերմերը, որոնք ցանել էր այդ նույն մտավորականության մեծամասնությունը: Դրա առաջին ազդանշանը եղավ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, երբ «խորքային ժողովուրդը» սկսեց հավատալ հիվանդ գլուխներում ծնված երկու զառանցանքի. «Երկրաշարժը հատուկ զենքով կազմակերպել է Մոսկվան, որ հայերին հետ պահի Արցախը պահանջելուց», «Երկրաշարժը հատուկ զենքով կազմակերպել է ԱՄՆ-ն, որ քայքայի Խորհրդային Միությունը»: 

Մի կարեւոր հանգամանք եւս. անկախությունից հետո մեր պետական կյանքի կազմակերպիչը` «էլիտան», նպատակ է ունեցել բավարարել հանրային լայն տրամադրությունները՝ վստահություն եւ քվե ստանալու համար, իսկ խորհրդային շրջանի գործիչները հանրային լայն շրջանակների ցանկություններին ընդառաջ գնալու, էմոցիաներին տեղի տալու խնդիր չեն ունեցել։ 

ԽՍՀՄ փլուզման պայմաններում ժողովրդական բանահյուսության եւ դավադրությունների տեսությունների հետ կապված վիճակն ավելի բարդացավ: Եվ դա բացատրելի է: Ըստ կոնսպիրոլոգիայի եւ դավադրությունների տեսությունների հայտնի ուսումնասիրող Ռոբ Բրազերթոնի՝ սոցիալական հզոր ցնցումները եւ գլոբալ աղետները կտրուկ փոխում են մարդկանց աշխարհայացքը, արժեհամակարգը եւ վարքագիծը՝ կանգնեցնելով նրանց շփոթության անդունդի առջեւ եւ ստիպելով վերաիմաստավորել փոփոխվող իրականությունը: Դա հանգեցնում է տարբեր ձեւերի եւ բովանդակության հոգեբանական երեւույթների ի հայտ գալուն, որոնք երբեմն ավելի խոր ազդեցություն են ունենում կյանքի որակի վրա, քան աղետների նյութական եւ սոցիալական հետեւանքները: 

Դրանով էր պայմանավորված, որ «խորքային ժողովուրդն» արագորեն ընդունեց «Միխայիլ Գորբաչովը փլուզեց ԽՍՀՄ-ը, որովհետեւ արտասահմանյան լրտես էր» մտայնությունը (անկախ տարբեր շերտերի` ԽՍՀՄ նկատմամբ ունեցած վերաբերմունքից եւ Երեւանում տեղի ունեցած հակախորհրդային միլիոնանոց ցույցերի փաստից): 

Այնուհետեւ իր իսկ ուսերի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձրած ժողովուրդն առաջին իսկ ցուրտ ու մութ տարին անցնելուց հետո առաջին նախագահին «կարգեց» մասոն, տիկնոջը` հրեա, հավատալով դավադրության տեսությանը, թե «Տեր-Պետրոսյանը մասոնահրեական ծրագրի շրջանակում կործանում է Հայաստանը, եւ այդ ծրագիրը հրեաները սկսել են դեռ Ցեղասպանության ժամանակ»: 

1990-ականների սկզբին եւ կեսին անխափան աշխատում էին բոլոր այն տեսությունները, համաձայն որոնց՝ հայերն ընտրյալ ազգ են կամ զոհ: Այդ դավադրությունների տեսությունների փաստարկման համակարգը (պսեւդոհամակարգը) այնքան դետալային էր, կենդանի եւ ավյունով լեցուն, որ նույնիսկ ամենահեռու գյուղի բնակչին կարող էր թվալ համոզիչ: 

1990-ականների վերջից Հայաստանում քաղաքականությունը հայտնվեց ժողովրդական բանահյուսության եւ դավադրությունների տեսությունների թակարդում: Սկզբում 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն արագորեն վերածվեց «Մեղրին տալ-չտալու» տեսության, ապա տասնամյակներ շարունակ դարձավ քաղաքական շահարկման առարկա, որին առանձնակի ջանասիրությամբ մասնակցում էր նաեւ «խորքային ժողովուրդը»: Նույնիսկ այսօրվա իշխանության, որը տարիներ շարունակ եղել է հոկտեմբերի 27-ի շահարկման գլխավոր շահառուն, եւ Վազգեն Սարգսյանի եղբոր, որն այսօրվա իշխանության հետ ունի սերտ ու ջերմ հարաբերություններ, իրենց իսկ լեզվով ասած` «դուխները չի հերիքում», որ ժողովրդին ուղիղ ասեն՝ այդ քրեական գործում դավադրություն չկա: Կամ էլ վերաբացեն գործն ու քննեն. չէ՞ որ, բացի ահաբեկչության զոհերից, ամեն ինչ տեղում է՝ օրենքը, քննիչները, դատարանները, ի վերջո՝ ահաբեկիչները: 

Եվ, ահա, այդ ամենի կուլմինացիան 2018-ի համաժողովրդական հեղափոխությունն էր: Վաղուց սպասված հեղափոխությունն իրականում բոլորի համար այնպիսի անակնկալ էր ու շոկ, որ հայաստանցիներն ամենասկզբից սկսեցին հերքել ակնհայտ փաստերը: Դավադրությունների տեսությունների դասական կանոնների համաձայն՝ նրանք, ովքեր ամենաակտիվն են փողոցային շարժումներին մասնակցել, սկսեցին Նիկոլին «բերելու» համար մեղադրել նրանց, ում իրենք իսկ «մերժում» էին։ Այս խայտառակ խելահեղությունն այսօր պատել է գրեթե բոլոր կողմերին. որքան Նիկոլը դառնում է հակաժողովրդական, այնքան ժողովուրդը «Էս հարիֆն ի՞նչ անի, իրենից ոչ մի բան կախված չի» բովանդակությամբ դավադրության տեսություններ է հորինում եւ դրանց մեջ հանգիստ ապրում: 

Բոլոր հավաքականությունները, այդ թվում՝ ժողովուրդը, իռացիոնալ են, ուղղակի յուրաքանչյուր ժողովրդի իռացիոնալիզմը վերջնահաշվարկում ցավ է պատճառում հենց իրեն։ Այլ կերպ ասած` նորմալ է, որ խնդիրների մեջ թաղված գյուղացին իր խնդիրները բացատրելու համար փնտրում է պարզ պատճառներ, որտեղ նա մեղավոր չէ։ Աղետալին այն է, որ դրանով զբաղված են նրանք, որոնք կոչված են առաջնորդել ժողովրդին։ Երկրի վիճակը ներքին ու արտաքին (սկսած կոնկրետ պետությունից, վերջացրած աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով) գործոններով լեցուն դավադրության տեսություններով են բացատրում նաեւ ակտիվ քաղաքական բեւեռները: Բոլո՛րը: 

Այսօր այս իրավիճակը շատ ավելի հրեշավոր են դարձրել սոցիալական ցանցերը, որոնք, մասնագետների պնդմամբ, հիվանդ երեւակայությամբ մարդկանց թույլ են տալիս, առանց աշխարհագրական խոչընդոտի, արագորեն գտնել միմյանց, քանակ կազմել ու դրանով ավելի խորն ու համապարփակ համոզվել իրենց դավադրապաշտության մեջ, այնուհետեւ դառնալ ինտերնետային ոհմակ ու վերբալ բռնության ճանապարհով հոշոտել ոչ միայն բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, այլեւ ցանկացած բանական, տրամաբանական եւ առողջ միտք ու գաղափար: 

Ի՞նչ են տալիս դավադրության տեսությունները, ինչո՞ւ են բոլորը վանում իրականությունն ու փորձում ապրել իրենց նախընտրած կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ: Այս երեւույթը, կարծես, բացատրելի է. ստեղծված խելագարության մթնոլորտի բոլոր շահառուներին՝ ժողովրդին, Նիկոլին, ընդդիմությանը, քաղաքացիական ակտիվ խմբերին միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ սեփական պատասխանատվությունն ու սեփական անկարողությունը արդարացնել դավադրությունների տեսություններով (ամեն մեկը՝ ըստ իր շահի, ճաշակի ու գիտելիքի): Այլ բացատրություն չկա եւ չի էլ կարող լինել: Սա 21-րդ դարի հայկական ազգային հիվանդությունն է: 

Ամեն սխալ կարելի է շտկել, կորցրած նյութական ամեն ինչը կարելի է հետ բերել՝ Արցախից մինչեւ Վան, բայց չի կարելի դա անել՝ ապրելով դավադրությունների մտացածին աշխարհում, մերժելով իրականությունը եւ ադեկվատ գնահատական չտալով փաստերին ու իրավիճակներին: 

Կգա՞ այդ համազգային գիտակցումը (ինչպես ցեղասպանությունից հետո եկավ), կցանկանա՞ ազգն առողջանալ, ուրեմն կգան հաղթանակները, հաջողությունները, ի վերջո՝ պատիվն ու առաքինությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել