Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կրկին զգուշացնելով վերջին շրջանում Հայաստանում հանդիպող խարդախության նոր մեթոդի մասին:
«Մեկ ամիս առաջ սրա մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածված չէր. խոսքը հիստերիկ զանգերի մասին է, ռուսերեն են դեռևս խոսում, հայաֆիկացում չկա: Զանգում, գոռգոռում են՝ իբր թոռնիկը, աղջիկը կամ տղան վթարի է ենթարկվել»,-տեղեկացրեց նա:
Նրա խոսքով՝ սցենարը նույնն է. գումար են ուզում, և կան մարդիկ, որոնք փոխանցում են այդ գումարը: Խնդիրն ավելի շատ այն է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ այն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի: «Վտանգն այն է, որ մարդ բառի բուն իմաստով կարող է ինֆարկտ ստանալ, այնքան հիստերիկ ու վախեցնող են այդ զանգերը, մանավանդ, եթե համընկնում է ու թոռնիկ է ունենում: Այն մեծահասակները, որոնք ֆեյսբուք, ինստագրամ չեն նայում, անհրաժեշտ է զգուշացնել, որ չվախենան, գումարն էական չէ, շատ քիչ մարդ է, որ ռեալ գումար է ուղարկում»,-շեշտեց նա:
Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Ռիմա Աբելյանն իր էջում նման մի դեպքի մասին էր գրել, որ իրենց ընտանիքի հետ է կատարվել:
Նա մասնավորապես պատմել էր, որ ծնողների տնից դուրս գալուց հետո զանգ են ստացել տան հեռախոսին և ռուսերենով խոսել են, թե իրենց աղջիկը վթարի է ենթարկվել, գլուխը ջնջխվել է, շտապ գնան հիվանդանոց:
«Թե մամաս ինչ է ապրում այդ րոպեների ընթացքում, էդ մենակ ինքը գիտի ու շուրջը գտնվող մարդիկ, մեկ էլ պապաս, որ վախից կարկամել էր: Մամաս սկսում է գոռալ, լացել, հարցնում է՝ բա տղան, ասում են՝ տղան լավ է, բայց աղջիկը՝ ոչ: Բժիշկ է վերցնում, ներկայանում, փորձում իբր հանգստացնել մամայիս:
Ու մինչ մամաս, սթրեսի մեջ շաքարն ու ճնշումը ու սթրեսը պիկի հասած, որոշում է զանգել ինձ՝ իհարկե հույս չունենալով անգամ, որ հեռախոս կվերցնի ջնջխված գլխով աղջիկը, ես շատ հանգիստ ասում եմ ,-« Հա, մամ ջան»... ու էստեղ սկսվումա իմ սթրեսը, մաման գոռումա, լացումաա. Ռիմմմ, ո՞ւր եսսսս, Ռիմմմ արիիի»,- գրել է նա:
ՆԳ նախարարությունն օրեր առաջ ևս անդրադարձել էր խարդախության այդ նոր մեթոդին՝ զգուշացնելով քաղաքացիներին խաբեության զոհ չդառնալ:
«Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:
Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար»,- ասված էր ՆԳՆ հայտարարության մեջ: