«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։

Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Նյութերը փոխանցել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մահացածը Բրազիլիայի քաղաքացի է եղել, դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»,-ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել