Tert.am-ը գրում է․
2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ կառավարության ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/49,3 %): Ընդհանուր առմամբ, կառավարության պարտքն աճել է 3 %–ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կրճատվել է մոտ 8 %-ով:
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։
ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքը 2023 թ. արդյունքներով կազմել է 48,4 %, իսկ 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքները դեռ հաշվարկված չեն։
Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից վերցված վարկերին, ապա ՀՀ կառավարությունը կրճատել է դրանց ծավալը` փոխարենն ավելացնելով պետական պարտատոմսերը. հայկական դրամով պարտատոմսերը 2024 թ. 1–ին կիսամյակում կազմել են 49,2 %, արտասահմանյան վարկերը` 37,2 %, եվրապարտատոմսերը` 13,4 %: Օտարերկրյա վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կրճատվել է մոտ 5 %–ով և կազմում է ՀՀ կառավարության ընդհանուր պարտքի մոտ 40 %–ը։
Առաջին կիսամյակում օտարերկրյա վարկատուների կառուցվածքն էապես չի փոխվել` ամենամեծ վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը (37,8 %)։ Բանկի տված վարկերի պորտֆելում աստիճանաբար նվազում է արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը, քանի որ Հայաստանը, ըստ միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափանիշների, արդեն չի համարվում արտոնյալ վարկի կարիք ունեցող երկիր։ Հետևաբար, մեր երկրի վիճակագրության մեջ արտացոլված արտոնյալ վարկերը հիմնականում վերցվել են մինչև 2020–21 թթ., որոնք աստիճանաբար մարվում են։
Այլ վարկատուների թվում Ասիական զարգացման բանկի մասնաբաժինը այս տարվա 1–ին կիսամյակում կազմել է 19,6 %, Եվրոպական զարգացման բանկի, ներառյալ` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասնաբաժինը՝ 8,3 %, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնաբաժինը՝ 5,3 %, Եվրոպական ներդրումային բանկի մասնաբաժինը՝ 3,2 %: Մյուս 4 կազմակերպություններին` ՕՊԵԿ–ին (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), Եվրամիությանը, IFAD–ին (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) և ՎԶԵԲ–ին բաժին է ընկնում վարկերի ընդհանուր առմամբ 5,6 % մասնաբաժին։ Ի դեպ, ՎԶԵԲ–ը, բացի կառավարությունից, մեծ ծավալներով վարկավորում է նաև մասնավոր բիզնեսը։
Ինչ վերաբերում է այլ պետություններից ստացված վարկերին, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 19,9 %, ապա ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանի կառավարությունը` 6 %, որին հաջորդում են Ֆրանսիան` 5,4 %, Գերմանիան` 5 % և Ճապոնիան` 2,8 %:
Ի դեպ, ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական բանկի պարտքին, ապա այն երկրի գլխավոր դրամատունը վճարում է իր իսկ միջոցներից, այլ ոչ թե ՀՀ պետական բյուջեից։