2015 թվականի Սահմանադրության մեջ ամրագրված այս դրույթի համար ընդդիմադիրները տարիներ շարունակ քննադատում էին ՀՀԿ-ին, որ Սահմանադրությունը «կարել» է իր հագով, որ հարկ եղած դեպքում կայուն մեծամասնություն ձեւավորի՝ հավերժ վերարտադրվելով եւ իշխանությունը պահելով: Իսկ խորհրդարանում էլ կարողանան միայն իրենց ուժերով ընդունել բոլոր նախագծերը` առանց խորհրդարան անցած մյուս ուժերի աջակցության։ Սակայն 2015-ից սկսած՝ այդ դրույթը չի կիրառվել, որովհետեւ, ի հեճուկս 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները նախագծողների, Հայաստանի ԱԺ-ում ձեւավորվում է ոչ թե կայուն, այլ կայունից էլ կայուն մեծամասնություն․ թե՛ 2018-ի, թե՛ 2021-ի ընտրություններից հետո ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն է դարձել` առանց որեւէ ուժի աջակցության։ Եթե այս մասին հայտարարվեր գոնե մեկ տարի առաջ, գուցե կարելի էր ընկալել, թե ինչու է իշխանությունը գնում նման փոփոխության՝ փորձելով հրաժարվել Սերժի «կոստյումից», մանավանդ որ սիրում են պարծենալ, թե ունեն ժողովրդի վստահությունը ու եթե այսօր էլ ընտրություններ անեն, մեծամասնության քվեն նորից ստանալու են: Սակայն, նկատի ունենալով Երեւանի վերջին ընտրությունները, երբ ՔՊ-ին չհաջողվեց ընտրությունների արդյունքներով 50+ ձայն հավաքել, իշխանությունը ձեւավորվեց կոալիցիայի ճանապարհով, ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչու են ՔՊ-ում կողմ, որ կայուն մեծամասնության դրույթը հանվի։ Երեւանի ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանության համար հաջորդ ընտրություններում լուրջ խնդիր է լինելու 50+1 հավաքելը, ուստի ճիշտ ժամանակն է օգտվել կայուն մեծամասնության դրույթից։
Սակայն եթե նման հայտարարություն Նիկոլ Փաշինյանն է անում, նշանակում է, որ անգամ իրենց սատելիտ ուժերի հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու վերցնել իշխանությունը, ուստի, իրենց պետք է ազատվել Սահմանադրության այն դրույթից, որը խանգարում է պահպանել իշխանությունն ընտրությունների միջոցով։ Քանի որ ավելորդ է խոսել, որ երկրորդ փուլում իրենք մեծամասնություն կստանան, ընտրողը երկրորդ փուլում արդեն ռեալ կգնահատի իշխանափոխության հավանականությունը եւ հստակ դիրքորոշում կհայտնի։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական ճամբարում քաղհասարակության ձեռամբ փորձելու են ընդունելի դարձնել փոքրամասնության կառավարության տարբերակը: Այսինքն՝ ընտրություններից հետո ամենաշատ ձայն ստացած ուժից ընտրվելու է վարչապետ, խորհրդարանում այլեւս կայուն մեծամասնություն չի ձեւավորվի։ Իհարկե, նման դեպքում առաջին տեղ զբաղեցրած ուժը հնարավոր է որոշ խնդիրների բախվի, ինչպես այսօր Երեւանի ավագանիում է՝ բյուջեի նախագծի եւ սահմանադրական այլ օրենքների ընդունման ժամանակ: Սակայն, իշխանականների կարծիքով, դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ կգործի հայկական քաղաքական մշակույթում ծաղկող մանդատագողության ինստիտուտը, եւ իշխանությունը տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից կձեւավորի կայուն մեծամասնություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել