168.am-ը գրում է.

««Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար». այս հայտարարության հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։ Հունիսի 12-ին ՔՊ-ականը շնորհակալություն էր հայտնել ոստիկաններին, երբ նրանք ՀՀ քաղաքացիների ուղղությամբ կիրառել էին հատուկ միջոցներ, որոնց տեսակների մասին, ի դեպ, ՆԳՆ-ն դեռևս ծառայողական քննություն է իրականացնում։

ՔՊ-ականն ավելի վաղ աչքի էր ընկել «լեզու և ականջ կտրելու» սպառնալիքներով։ Նկատենք նաև՝ հատուկ հիշատակության է արժանի փողոցով իշխանության եկած այս կուսակցականի վստահեցումը, թե «փողոցով իշխանության չեն գալիս»։

Կարճ բնութագրական պրոլոգից հետո 168.am-ն առանձնացրել է նաև Արթուր Հովհաննիսյանի և նրա տիկնոջ՝ Մարիամ Ավագյանի, հայտարարագրերի մի քանի դրվագներ։

2024 թվականին Արթուր Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք՝ տարին բարեբեր է եղել իշխանական պատգամավորի համար։

30 միլիոն դրամով Արթուր Հովհաննիսյանն Արարատի մարզի Մասիս համայնքում գնել է հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով։ Այն տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով (կնոջ հետ)։

2023 թվականի հայտարարագրում նա պահպանել է 2022 թվականին գնված 2013 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենան։

Իշխանական պատգամավորի դրամական միջոցները

Արթուր Հովհաննիսյանը 2023 թվականի վերջում գրեթե եռապատկել է տարեսկզբին ունեցած կանխիկ 500.000 դրամը՝ տարին փակելով 1,450,000 դրամով։

Հաշվետու տարվա եկամուտը՝ 10 միլիոն 056 576 դրամը, գոյացել է ԱԺ-ի աշխատակազմից ստացված աշխատավարձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38 միլիոն 867.000 դրամ, իսկ վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 6 միլիոն 060.000 դրամ։

Պատգամավորի տիկինը՝ Մարիամ Ավագյանը, ևս հայտարարագրում նշել է 2023 թվականին «Օրիոն 7» ՍՊԸ-ից ձեռք բերված տունը։

Նա նաև հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեսկզբին կազմել են 400.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն դրամ։

Պաշտոնյայի տիկնոջ հաշվետու տարվա եկամուտը՝ 6 միլիոն 660.000 դրամը, գոյացել է «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ»-ից ստացված աշխատավարձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 միլիոն 800.000 դրամ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել