«Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։

««Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։
 
Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:
 
Նա կերպարներ է կյանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն:
 
Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դևիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի և այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:
 
Սփեյսիի այցը իրականացվել է փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,–ասված է հայտարարության մեջ;
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել