Tert.am-ը գրում է․

Ուզում եմ կրկին սկսել խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությունը հաստատելուց:

Այս մասին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արարատ Միրզոյանը:

«Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից: Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով: Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է համաձայնության գալ մի շարք հոդվածների ու հարցերի շուրջ»,- նշեց նա:

Արարատ Միրզոյանը ներկայացրեց նաև զուգահեռ գործընթացն առ այն, որ սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և արդեն սկսել են սահմանազատման գործընթացը:

«Երկու երկրները փոխադարձաբար հաստատում են միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչումն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատումը նույնպես պետք է տեղի ունենա այդ հռչակագրի համաձայն: Զգուշավոր լավատեսությամբ ուզում եմ հայտնել, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույն բանն արտացոլել խաղաղության պայմանագրում: Դրանից հետո շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,-ընդգծեց նախարարը:

Միրզոյանը շեշտեց, որ անշուշտ կան մի շարք այլ հարցեր և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը դեռ լիարժեք փոխըմբռնում չունեն, բայց ունեն Հայաստանի շահագրգռվածությունը` բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի հետ:

«Այս հարցերի շուրջ, կարծում եմ, ուշ թե շուտ կհաջողվի գալ համաձայնության, որովհետև երկրների ղեկավարների ու  փոխվարչապետների դեպքում որոշակի ըմբռնում կա։ Եթե մեզ հաջողվի այս ամենը հստակ արձանագրել խաղաղության պայմանագրում՝ կարող ենք ասել, որ մենք տեղ ենք հասնում խաղաղության հաստատման առումով»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել