Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատև լռությունը» Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը և իր ռուս գործընկերը «մի ամբողջ օր չեն քնել»՝ կազմակերպելով փոխգործակցությունը, ասվում է հանրապետության ղեկավարի կայքում։

«Ինչո՞ւ եմ ես սա ասում. որովհետև որոշները սկսեցին կշտամբել Պուտինին. «Բան է պատահել, բայց նա լռում է, չի խոսում, չի դիմում և այլն»: Այո, մենք Պուտինի հետ մի ամբողջ օր չենք քնել, ի՞նչ գիտեն նրանք այդ մասին։ Մշտական փոխազդեցություն է եղել: Երբ պետք էր խոսել, նա դուրս եկավ և խոսեց (ահաբեկչության հետ կապված ուղերձը-Խմբ.)»,- ասել է Լուկաշենկոն։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ահաբեկչությունից հետո ամբողջ ժամանակահատվածում բելառուսական և ռուսական կողմերը սահուն համագործակցել են։

Լուկաշենկոյի խոսքով` հենց որ պետությունների ղեկավարները հետախուզական ծառայություններից տեղեկություն են ստացել, որ Բրյանսկի ուղղությամբ մեքենա է շարժվում ահաբեկիչներով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բելառուսն իր հատվածում արգելափակելու է հանցագործների հավանական շարժման ուղղությունը:

«Մենք զանգեցինք իրար, ես նրան հարցրի՝ էլի ինչ-որ բան պե՞տք է: Նա ինձ հարցրեց՝ կօգնե՞ս փակել:  «Կօգնեմ: Ամեն ինչ կարվի»: Ահա այսպիսի խոսակցություն», - ասել է Բելառուսի պետության ղեկավարը: 

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել