168.am-ը գրում է․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ իկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին», – ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ-ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։

2023 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել