Armlur.am-ը գրում է.
Ժիրայր Անանյանի երաժշտական կատակերգական «Տաքսի-տաքսի» բեմադրությունը մեծ համբավ է բերել Կարպ Խաչվանքյանին՝ նոր սերնդին անգամ ծանոթացնելով մեծ դերասանին:
Խաչվանքյանն այս ներկայացման ընթացքում մարմնավորել է գլխավոր հերոսին՝ տաքսու վարորդ Կնյազին: Հերոսի մի շարք արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել հասարակության շրջանում, ինչպիսիք են. «Այ մարդ, սրանց որտեղի՞ց են գտնում, խոսելիս՝ չեն նայում, նայելիս՝ չեն խոսում», «Լավություն չես անում, չես անում. վատություն ինչի՞ ես անում ընկեր Փիլոյան»:
Պիեսը, որը հայտնի է նաև «Սերը ճամպրուկի մեջ» անվամբ, առաջին անգամ բեմադրվել է 1973 թվականին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, ապա 1974 թվականին՝ Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան և Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան թատրոններում, իսկ 1978 թվականին՝ Երևանի Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական և Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոններում:
«Տաքսի-տաքսին» ընդգրկվել է սովետական «Տեատր» հանդեսի ցանկում, որում ներկայացված են Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանի ընթացքում 100 անգամից ավելի ներկայացված պիեսները: Այն բեմադրվել է նաև Միացյալ Նահանգներում՝ Նշան Փառլաքյանի կողմից:
Ավելի վաղ ArmLur.am-ը անդրադարձ էր կատարել դերասանի կյանքին և ստեղծագործական ուղուն՝ նշելով, որ այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան 101-րդ տարեդարձն է: