Armenpress.am-ը գրում է.
ՀԽՍՀ վաստակավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցին՝ հունիսի 13-ին, Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է դերասանը, բացվեց նրա հուշարձանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին Քոթանջյանի հարազատները, մտերիմները, բեմընկերները։
Քոթանջյանի որդին՝ Մայքլ Քոթանջյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հոր բացակայությունը հնարավոր չէ լցնել:
«Նա շատ մեծ էներգիա ուներ: Եթե անգամ սենյակում լուռ նստած էր, այդ սենյակում շատ դրական էներգիա կար, և այդ էներգիան պակասեց մեր քաղաքից: Երբ փողոցով քայլում եմ, ինձ են մոտենում մարդիկ և ասում, որ սիրել են հորս այս կամ այն դերը: Ռաֆայել Քոթանջյանի կյանքում եղել են կարևոր ու առեղծվածային դերեր, նրա թարգմանությամբ ֆիլմեր, որոնք ինչ-ինչ պատճառներով ջնջվել են, սակայն մարդկանց հիշողություններում պահպանվել են: Ավաղ, հայ կինոյում նա փոքր դերեր խաղաց, բացառությամբ մի քանիսի: Նա ավելի շատ նկարահանվում էր Մոսկվայում, Ուկրաինայում և այլ երկրներում, և նրան բաց չէին թողնում: Մութ ու ցուրտ տարիներն էին ու հենց այդ շրջանում հայրս արտերկրում մոտավորապես 25-ից 30 ֆիլմում նկարահանվեց»,-պատմեց Մայքլ Քոթանջյանն ու հավելեց՝ հատկապես վերջին տարիներին Ռաֆայել Քոթանջյանը հաճախ է կրկնել. «Ասենք լավ, որ լավ լինի»:
Մայքլ Քոթանջյանը հույս ունի, որ հուշարձանի բացմամբ այդ վայրը կդառնա հուշապուրակ, որտեղ կարող են գալ Ռաֆայել Քոթանջյանի արվեստը սիրող ու գնահատող մարդիկ:
Հաղորդավար, ռեժիսոր և լրագրող Կարեն Քոչարյանը Ռաֆայել Քոթանջյանի հետ բեմ է բարձրացել ու աշխատել դեռ ուսանողական տարիներից: «Այդ տարիներին Ռաֆայել Քոթանջյանը մանրապատումներով ելույթ էր ունենում Հայաստանի տարբեր շրջաններում և հաճախ ես էի վարում այդ երեկոները: Ասում են՝ եթե ցանկանում ես մարդուն ճանաչել, ճանապարհ գնա նրա հետ: Առաջին հերթին գնահատում էի Քոթանջյանի ինտելեկտը: Նման ինտելեկտուալ արվեստագետի դժվար է գտնել: Նա բազմակողմանի զարգացած անձնավորություն էր, մարդ, որն ամբողջ կյանքի ընթացքում սովորում էր»,-նշեց Քոչարյանը:
Զրույցներից մեկի ժամանակ Կարեն Քոչարյանը նկատել է, որ Քոթանջյանը կարծես թե հայկական կինոյում քիչ է նկարահանվել: Արտիստը պատասխանել է, որ հայկական կինոյում անցել է ձեռնափայտը ձեռքին, իսկ գլխարկը՝ գլխին փոքր դերերով:
«Ըստ իս՝ Մհեր Մկրտչյանից հետո ԽՍՀՄ-ի մակարդակով ամենամեծ ճանաչումը ձեռք է բերել Ռաֆայել Քոթանջյանը: Ծնվելով Թբիլիսիում՝ նա շատ երևանցի էր: Նրա գնալուց հետո շատ պայծառ գույն կորավ Երևանի ներկապնակից, բայց նրան երբեք չենք մոռանա»,-եզրափակեց հաղորդավարը, որը, չնայած տարիքային տարբերությանը, արտիստին «Ռաֆ» է դիմել, քանի որ Քոթանջյանը նաև հրաշալի ընկեր է եղել:
Զարուհի Առաքելյանը Ռաֆայել Քոթանջյանի կենդանության օրոք լույս է ընծայել վարպետի «Նոն ֆինիտա» կենսագրական գիրքը: Նրա խոսքով՝ Նոն ֆինիտան խախտում է իրականի սահմանը, որտեղ իշխում է երևակայության տարրը: «Ռաֆայել Քոթանջյանն իր յուրաքանչյուր դերում և կյանքում ասես միտումնավոր թողնում էր անավարտ խոսք, ինչը դիմացինի մեջ հետաքրքրություն էր առաջացնում և նրան կրկին հանդիպելու ցանկություն»,-նշեց կենսագիրը:
Նա Ռաֆայել Քոթանջյանի հետ զրույցներից բազմաթիվ գրառումներ է պահպանել, որոնք չի ներառել գրքում: Առաքելյանը չի բացառում, որ այդ պատմությունները տեղ կգտնեն գրքի երկրորդ հատորում: «Միշտ հանդիպում էինք քաղաքի սրճարաններից մեկում, և Քոթանջյանն այնպես էր ներկայացնում հետաքրքիր պատմությունները, որ այցելուներն ասես վախենում էին շնչել ու ինձ հետ լսում էին նրան: Ասես փոքր բեմականացում, ներկայացում լիներ: Ինձ համար մեծ ցավ էր կորցնել իմ ավագ ընկերոջը: Քոթանջյանն իր կենսունակությամբ, մարդկայնությամբ ու տաղանդով անփոխարինելի էր ու անջնջելի հետք թողեց ոչ միայն կինոյում և թատրոնում, այլև մեր սրտերում»,-ասաց Զարուհի Առաքելյանը:∪