Գայանե Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Նրանց խոսքով՝ դատարանի նկատմամբ ճնշում է կիրառվում իշխանության ամենավերին օղակից: Վերաքննիչ դատարանն ավելի վաղ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ սահմանելով տնային կալանք։ Նշենք, որ Գայանե Հակոբյանն իր մեղքը չի ընդունում, եւ Աշոտ Փաշինյանն էլ դատարանում հայտարարեց, որ հոժարակամ է նստել նրա մեքենան։ Մենք զրուցել ենք փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:
- Երեկ կրկին տիկին Գայանեն կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս 15 օրով: Առաջիկայում ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել պաշտպանական թիմը:
- Դատարանը երեկ հանցագործություն արեց: Դատարանն իրավունք չուներ տիկին Գայանեին կալանավորել, որովհետեւ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ նրա խափանման միջոցը փոխել էր: Այս մեղադրանքով չէին կարող կալանավորել տիկին Գայանեին, որպեսզի հնարավորություն ստեղծվեր տիկնոջը կալանավորելու, Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, նոր հանգամանքներ էին անհրաժեշտ, որպեսզի դատարանը նման վճիռ կայացներ: Հետեւաբար, դատարանի որոշումն ապօրինի է, անօրինական, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: Հավանաբար հիշում եք, որ Գորիսի դատարանը կալանավորել էր մեկին, դատավորի նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց, եւ դատավորը կալանավորվեց: Ճիշտ է, նա հետագայում արդարացվեց, սակայն խնդիրը դրա մեջ չէ, խնդիրն այն է, որ այս իշխանությունները տարբերակման երկակի ստանդարտներով են տարբեր հարցերին մոտենում: Այս գործում հանցակազմն ընդհանրապես բացակայում է: Ակնհայտորեն, թե՛ դատարանը, թե՛ նախաքննական մարմինները եւ թե՛ դատախազն ապացուցեցին, որ ուղիղ Նիկոլ Փաշինյանի ազդեցության ներքո են գործում, այն նույն Նիկոլ Փաշինյանի, որը դատարանի դռներ էր փակում: Ավելի խոսուն իրավիճակ պատկերացնելը դժվար է: Նիկոլ Փաշինյանի տղան երեկ պարզապես դիրիժորություն էր դատարանում անում՝ հայտարարելով, որ ինքը գտնում է, որ Գայանեն պետք է կալանավորվի, եւ այլն, եւ այլն: Դատարանը վարչապետի ազդեցության ներքո է գտնվում:
- Դուք է՞լ եք կարծում, որ դատարանում Աշոտ Փաշինյանը բացահայտ կերպով ուղղորդում էր դատավորին:
- Ցանկացած ողջամիտ մարդ էլ դա հասկացավ, բացահայտ, հանրային լսարանի առաջ բոլորն էլ ականատես եղան դրան:
- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր տղան հերոս է, ինչո՞ւ է հերոս Աշոտն այդքան վախենում տիկին Գայանեից: Ի՞նչ վտանգ է տիկինն իրենից ներկայացնում:
- Ես նրա հերոսությունների մասին ոչինչ չգիտեմ, դրանց մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ հերոսն իրեն այդ ձեւով չէր կարող պահել, հերոսներն առհասարակ այդպես չեն վարվում: Առավել ուշադրության արժանի էր այն դրվագը, որ երեկ Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց հանրային վտանգավորության մասին երեւույթների մասին: Այնպիսի տերմինոլոգիա էր կիրառում, որ նման տերմինոլոգիա կարող էին կիրառել բացառապես իրավաբանները: Ունեմ մտավախություն, որ նա ուղղորդվում էր հենց դատական նիստի ժամանակ: Ավելին ասեմ` շատերն էին նկատել, որ Աշոտի ականջին կային ականջակալներ, ուղղորդում էին, տպավորություն էր, որ նիստին ինչ-որ մարդիկ հետեւում էին:
- Ովքե՞ր, Աշոտ Փաշինյանի ծնողնե՞րը:
- Չեմ կարող ասել, գուցե մասնագետներ, ամեն դեպքում՝ շատերն են տեսել, որ նա ականջակալներով էր:
- Նմանատիպ գործերում առհասարակ ընդունվա՞ծ է կալանքը որպես խափանման միջոց ընտրել:
- Ցանկացած գործի շրջանակներում խափանման միջոց ընտրելը հայեցողական է, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, սակայն առեւանգման գործերում, որպես կանո,ն կալանքը որպես խափանման միջոց գրեթե չեն ընտրում, հիմնականում ստորագրությամբ ազատ են արձակվում: Վերջերս Շիրակի մարզում քաղաքացուն առեւանգել եւ շան համար նախատեսված բնի մեջ պահել էին, նվաստացրել, սակայն մեղավորը չի կալանավորվել, զուտ երկրից չբացակայելու համար ստորագրություն է տվել, իսկ ահա Գայանեին, որն անձին ուղղակի առաջարկել է Եռաբլուր գնալ, բավական չէ՝ դիտարկել են առեւանգում, դեռ մի բան էլ կալանավորել են: Դատարանը երեկ արդարադատություն չէր իրականացնում, սա միանշանակ է: Դատավորը հապշտապ հայտարարեց կալանքի մասին, եւ վերջ: Թե՛ առաջին ատյանի դատարանի եւ թե՛ վերաքննիչ դատարանի վրա գործադիր իշխանությունները մատ են թափ տալիս՝ հասկացնելով, որ չեն հանդուրժելու….
- Ինչպե՞ս է տիկին Գայանեն:
- Տրամադրությունը շատ լավ է, չի ընկճվում, ինչպես բնորոշ է հերոսածին մորը: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես ժամանակին հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանեցին, այնպես էլ հիմա զոհվածների ընտանիքներին են բեւեռացնում: Պարզապես շոկի մեջ եմ, թե ինչպես կարող է այդ տարիքի տղան նման մոտեցում ունենալ եւ դեռ մի բան էլ խորհուրդներ տալ, փիլիսոփայորեն խոսել հանրային անվտանգության մասին….
- Ե՞րբ դատարանի վճիռը կբողոքարկեք:
- Դեռեւս չենք ստացել որոշումը, ստանալուն պես անպայման բողոքարկելու ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել